Սերիական մարդասպանների վերաբերյալ պատմությունները մարդկանց մոտ սուր զգացմունքներն են առաջացնում: Բավականին լայնածավալ գեղարվեստական և գիտական գրականություն գոյություն ունի սերիական մարդասպանների մասին, սակայն ոչ մի գիրք ավելի լավ չի բնութագրի նրանց, քան իրենց իսկ ձեռքով գրվածները: Սրանցից որոշներն ինքնակենսագրություններ են, իսկ մյուսները, ըստ էության, գեղարվեստական գրականություն:
«Զեկկա» (Zekka)
2015
Սակակիբարա Սեյտո. սա ճապոնացի անչափահաս սերիական մարդասպանի կեղծանուն է, ով երկու երեխաների է սպանել և վնասել ևս երեքին 1997 թ.: Նա ընդամենը 14 տարեկան էր, երբ նրան ձերբակալեցին 11-ամյա Յուն Հասեին սպանելու մեղադրանքով: Վերջինիս գլուխը Սեյտոն կախել էր Կոբայի դպրոցի մուտքի դիմաց:
Ձերբակալումից հետո նա նաև խոստովանել է իր կատարած 10-ամյա Այակո Յամաշիտայի սպանությունը: 2004 թ. նա ժամանակավորապես ազատ է արձակվել, իսկ 2005-ին լիովին է ազատ արձակվել: Նրա իրական անունը մինչ այսօր շատերին անհայտ է:
«Զեկկան»՝ Սեյտոյի ինքնակենսագրությունը, մեծ վեճերի է հանգեցրել հենց սկզբից: Գիրքը լույս էր տեսել առանց նախապես զոհերի հարազատներին տեղյակ պահելու: Սեյտոն գրքի օրինակներ է ուղարկել զոհերի հարազատներին, որոնց ներսում ներողության նամակներ կային:

Ինքնակենսագրականում հեղինակը խոստովանել է, որ դեռահաս տարիքում սեռական ինչ-որ շեղումներ էր զգում: Երբ նա արդեն միջին դասարաններում էր սովորում, արդեն ձանձրանում էր միայն կատուներին սպանելով: Սակայն նրա ձանձրույթը երկար չտևեց. նա սկսեց մարդկանց սպանել:
Չնայած այն բանին, որ Մամորու Հասեն՝ սպանված տղայի հայրը, հայտնեց, որ գիրքը միայն ծանրացնում է նրանց տառապանքները և հանրայնորեն ցանկություն հայտնեց դադարեցնելու դրանց վաճառքը, գրքերը շարունակվեցին լույս տեսնել:
Սեյտոն յուրաքանչյուր գրքի վաճառքից հոնորար էր ստանում: Սակայն նա հայտարարել է, որ այդ գումարն օգտագործելու է միայն զոհերի ընտանիքներին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Գումարն ընդհանուր հաշվարկներով կազմում էր 1,6 միլիոն դոլար:
«Հույսի որդին» (Son of Hope)
2006
Դևիդ Բերկովիցն ամերիկացի սերիական մարդասպան էր, ով այն աշխարհ է ուղարկել վեց մարդկանց, ինչպես նաև վնասել է ևս յոթին 14 ամսվա ընթացքում՝ 1976 թ. հուլիսից մինչև 1977 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Բերկովիցը միայն գիշերներն էր աշխատում, և որպես կանոն, նրա որսը լինում էին երկար թուխ մազերով կանայք և մեքենաներում գտնվող զույգերը:
Դևիդն օգտագործում էր 44 տրամաչափի զենք, այդ պատճառով էլ ստացել է «44 տրամաչափի մարդասպան» կեղծանունը:
Սակայն առաջին անվանումը, որով նա հայտնի է դարձել, «Սեմի որդի»-ն էր: Այդպես է նա ինքն իրեն անվանել ոստիկանությանն ուղղված նամակում: Նամակը սկսվում էր հետևյալ կերպ. «Ողջույն Նյու Յորքից, որը լցված է գոմաղբով, փսխուկով, փչացած գինով, մեզով և արյունով: Ողջույն Նյու Յորքի կոյուղուց, որը ճաշակում է այս ամենը, երբ դրանք մաքրում են ավտոմեքենաները»:

Բերկովիցին կարողացան բռնել այն բանի հետո, երբ նա կայանման տոմս գնեց իր վերջին հանցագործության կատարման վայրի մոտից: Իր մեղքը խոստովանելուց հետո նա վեց ցմահ բանտարկության դատապարտվեց:
Ներկայումս նա իր պատիժն է կրում Նյու Յորքի ուղղիչ աշխատանքային գաղութներից մեկում:
Ըստ նրա՝ նրա սպանությունները ղեկավարում էր սատանան: Նա տարօրինակ ազդանշաններ էր ստանում հարևանի շուն Սեմից, ինչպես նաև վիզուալ և լսողական տարբեր երևույթներից: Նա վստահեցնում է, որ դեռ մանկուց իր կյանքում զգացել է մութ ուժերի առկայությունը:
«Սեմի որդին» նոր հայր գտավ և սկսեց իրեն անվանել «Հույսի որդի»: Ազատազրկման ընթացքում նա սկսեց հավատալ Աստծուն՝ ապաստան գտնելով նրա գրկում: Նրա համանուն՝ «Հույսի որդին» գիրքը բանտային օրագրերի հավաքածու է, որում նկարագրում է ճաղերի հետևում իր կյանքը և պատմում է քրիստոնեության մեջ իր վերածննդի մասին:
Դևիդը ևս իր՝ վաճառված գրքերից գումարն իրեն չէր պահում, այլ ուղղում է իր հանցագործությունների զոհերի ընտանիքներին:
«Դոկտոր Ն.Ն. Հոլմսի տարօրինակ պատմությունը»
2005
Ի սկբզանե Հերման Մադգեթը՝ դոկտոր Ն.Ն. Հոլմսը, սովորական խաբեբա էր, սակայն ավելի ուշ պատմության մեջ անցավ ինչպես ԱՄՆ-ի առաջին սերիական մարդասպաններից մեկը:
Չնայած այն բանին, որ նա խոստովանել է իր կատարած 27 սպանություններ, շատերը կարծում են, որ նրա զոհերի թիվը գերազանցում է 200-ը: 1896 թ. մարտին նա մահապատժի դատապարտվեց, իսկ մայիսի 7-ին նրան կախաղան բարձրացրին:
Մինչ դա Չիկագո տեղափոխվելուց հետո, Մադգետն ամբողջական քաղաքային կվարտալ էր գնել, որը վերանորոգել էր ու հյուրանոցի վերածել: Սա արտասովոր հյուրանոց էր, որը կառուցվել էր սպանությունների համար: Որոշ համարներ պատուհաններ անգամ չունեին, որոնք ներսից կարող էին փակվել: Հյուրանոցում գտնվողները թակարդում էին հայտնվում. ոչ մի տեղ չտանող աստիճաններ, դռներ՝ առանց սենյակների, ինչպես նաև սենյակներ՝ առանց դռների: Սենյակներում տեղադրված էին գազային խողովակներ, որոնք խեղդում էին մարդկանց:

Մարմինները նկուղ էին հասնում գաղտնի սենյակի միջոցով: Նկուղի արհեստական պատերի հետևում ոստիկանությունը հայտնաբերել է մսագործի սեղան, ոսկորներ, արյունոտ հագուստ և դիակիզարան: Դրված վառարանում գտել են նաև կանացի իրեր:
Համաշխարհային տոնավաճառի ժամանակ Մադգետի հյուրանոցը լի էր հյուրերով, հիմնականում՝ երիտասարդ կանանցով:
«Դոկտեր Ն.Ն. Հոլմսի տարօրինակ պատմությունը» երեք մասից բաղկացած պատկերազարդ գիրք է, որտեղ ներկայացվում են Մադգետի հանցագործությունները, ինչպես նաև նրա խոստովանությունները, որոնք հրապարակվել են Հերմանի պատժից որոշ ժամանակ առաջ:
«Հոլմսի սեփական պատմությունը» (1895) Մադգետի ինքնակենսագրականն է, որում նա իր մանկությունն ու այն բոլոր տառապանքներն է ներկայացրել, որոնց հանդիպել է իր ողջ կյանքի ընթացքում: Ինչպես նաև կարելի է կարդալ «Ն.Ն. Հոլմսի խոստովանությունը» (1896) գիրքը, որում նա առաջին դեմքով պատմում է իր պատմությունը:
«Վերջնական ճշմրտությունը»
1993
Դոնալդ Գասկինսը, ում իր 163 մ հասակի համար անվանում էին Պի Վի Գասկինս, ամերիկացի սերիական մարդասպան էր: Նա խոստովանել է իր՝ տարբեր մեթոդներով կատարած 13 սպանությունները: Իր «պրակտիկայի» ընթացքում նա խեղդել, գնդակահարել և դանակահարել է մարդկանց՝ մարմինները հետագայում թաղելով խուլ անտառներում: Նրա զոհերի իրական թիվն անհայտ է, սակայն ձերբակալումից հետո՝ 1975 թ., նրան մեղավոր են ճանաչել 8 սպանություններում:
Իր ինքնակենսագրականում նա նշում է, որ սպանել է 110 մարդկանց: Զոհերի մեջ եղել են նաև նորածիններ, որոնց նա սպանելուց առաջ բռնաբարել է:

1991 թ. Գասկինսի կյանքն ավարտվեց էլեկտրական աթոռի վրա՝ բանտակից Ռուդոլֆ Տայների սպանության համար: Տայների զոհերից մեկի որդին վարձել էր Գասկինսին, որպեսզի վերջինս սպանի Ռուդոլֆին:
Գասկինսը ռադիոյի մեջ թաքնված ռումբ է փոխանցել Տայներին, որը պայթել է, երբ Տայները ականջին է մոտեցրել այն:
«Վերջնական ճշմարտությունը. սերիական մարդասպանի ինքնակենսագրությունը» գրվել է Ուիլթոն Էրլի հետ համատեղ: Գրքում Գասկինսը պատմում է իր կյանքի մասին և նկարագրում կատարած հանցագործությունները:
«Մարդասպանը»
1970
Ըստ հենց իրեն՝ Կառլ Պանզրամի՝ նա սպանել է 21 մարդու, հազարավոր գողություններ, հրդեհներ է իրականացրել և բռնության է ենթարկել ավելի քան 1000 մարդկանց աշխարհի 30 երկրում: Երբ նա 11 տարեկան էր, կողոպտել հարևանին, որի հետևանքով նրան ուղարկել են Մինեսոտա նահանգի կրթական ուղղիչ հիմնարկ:
Այստեղից էլ ամեն ինչ սկսվել է: Հարևան Ուիլյամ Հովարդ Տաֆտի տունը կողոպտելուց ստացված գումարով Կարլը Akista զբոսանավ է գնել: Դրանում նա տասը ուղևորների է սպանել՝ չմոռանալով դրանից առաջ թալանել և բռնաբարել նրանց:
Նա նավաստիներ էր վարձել, որոնց ալկոհոլ էր խմեցրել, իսկ արդեն բաց ծովում բռնաբարել: Այնուհետև նրանց կրակել է 45 տրամաչափ ունեցող ատրճանակներից, մարմիններին քարեր կապել և ջուրը նետել:

Հերթական գողության համար ձերբակալելուց հետո նրան ուղարկեցին Վաշինգտոնի բանտ, որտեղ Պանզրամը ծանոթացավ բանտապահներ Հենրի Լեսերի հետ: Լեսերը մի սկսեց Պանզրամին խղճալ այն բանից հետո, երբ վերջինիս ծեծի ենթարկեցին բանտակիցները:
Նրանք սկսեցին շփվել, և ավելի ուշ Պանզրամն ընդունեց Լեսերի առաջարկն այն մասին, որ հարկավոր է սկսել ինչ-որ բան գրել: Պանզրամն իր ինքնակենսագրության ձեռագիրը տվեց Լեսերին և տարիներ շարունակ նրան տարատեսակ պատմություններ ուղարկեց իր կյանքից, երբ այլ բանտ տեղափոխեցին:
Թոմաս Գադիսի և Ջեյմս Լոնգի «Մարդասպանը. նրա օրագիրը» գիրքը Կառլ Պանզրամի ձեռագրերն ու նամակներն են: Դրանք գրվել են 1928 թ. սկսած, և պահանջվել է շուրջ 40 տարի, որպեսզի հրապարակվեն դրանք:



