Shamshyan.com-ը գրում է.

Սյսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել