Մեծ Պահքի կիրակիների միասնությունը կոչվում է «Ոսկե շղթա» և դրանցից յուրաքանչյուրին տրված է մարդկային կյանքի ուղին մատնանշող իմաստներ:
Ոսկե շղթայի կիրակիներից երկրորդը կոչվում է Արտաքսման կիրակի: Այս կիրակին մեզ հիշեցնում է մեր նախածնողների պատվիրանազանցությունը: Նրանք չպահպանեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:
Պտղի ճաշակումը մարդկային առաջին մեղքն է եղել: Ոչ թե պտուղն էր չար, այլ՝ մարդու կողմից Աստծուն չհնազանդվելը:
Ադամն ու Եվան դրախտից արտաքսվեցին ոչ այնքան մեղքի պատճառով, որքան մեղքը չխոստովանելու և միմյանց մեղադրելու պատճառով։ Ադամը մեղադրեց Եվային. «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա ինձ տվեց պտուղը, ու ես կերա» (Ծննդոց 3.12): Իսկ Եվան ասաց. «Օձը ինձ խաբեց, և ես կերա» (Ծննդոց 3.13):
Դրախտից արտաքսումը ոչ միայն Ադամի և Եվայի՝ նյութական աշխարհում հայտնվելն էր, այլև Աստծո կենդանարար ներկայությունից զրկվելը:
Արտաքսումը ցույց է տալիս, որ մեղքի մեջ ապրող մարդը չի կարող ապրել Աստծո ներկայության մեջ:
Արտաքսման կիրակիի շարականը նկարագրում ու հիշեցնում է Ադամի՝ դրախտից արտաքսվելը և մեղավորների Քրիստոսի միջոցով դարձյալ դրախտին արժանի դառնալը: Շարականը նկարագրում է, թե ինչպես Տերը նախ դրախտում հաստատեց պահքի սուրբ օրենքը, սակայն մեր նախածնողները չպահեցին: Արգելված պտուղն ուտելով՝ նրանք ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը: Այնուհետև խնդրվում է, որ Տերը շնորհի պատվիրանների քաղցրության ճաշակումը, որ մարդասեր Աստված մեզ մեր բազում հիվանդություններից բժշկի և ցավերը վերցնի: