Սկզբի համար եկեք սահմանենք, թե ինչ է կուսությունը։ Ամբողջ աշխահում կուսությունը վերագրվում է սեքսուալ ցանկացած փորձի բացակայությանը։ Իսկ ահա Հայաստանում կուսությունն ավելի շատ վերագրվում է ֆիզիոլոգիական առանձնահատկությանը։ Մեր երկրում ամեն ինչ կապվում է կուսաթաղանթի հետ։ Ընդունված է համարել, որ աղջիկը պետք է կորցնի կուսաթաղանն ամուսնական առաջին գիշերվա ընթացքում, ինչը պետք է զուգորդվի արյան արտահոսքով։ Հենց այդ արյան հետ էլ կապվում է «Կարմիր խնձորի» ավանդույթը, որը վերջին տարիներին կորցնում է ակտուալությունը։
Նման մտածելակերպով առաջնորդվող մարդկանց համար մենք շոկային բացահայտում ունենք՝ կուսաթաղանթի կորուստը և արնահոսությունը ոչ մի կերպ չի կարելի նույնականացնել։ Բանն այն է, որ, կախված ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, կուսաթաղանթի կորուստը կարող է տարբեր ձևերով դրսևորվել։ Կան աղջիկներ, որոնց մոտ արնահոսություն է նկատվում, սակայն կան նաև այնպիսիները, ում մոտ արնահոսությունն իսպառ բացակայում է կամ այնքան քիչ է, որ հնարավոր չէ նկատել։
Կան նաև աղջիկներ, ովքեր ծննդյան օրվանից չունեն կուսաթաղանթ կամ էլ դեռևս մանուկ հասակում վնասել են դա պարով, մարմնամարզությամբ և մի շարք այլ սպորտաձևերով զբաղվելու հետևանքով։
Եվ վերջում, այն մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, հակված են արյան առկայության թեզին, պետք է հասկանան, որ այդ թաղանթը և արնահոսությունը հնարավոր է անթիվ անգամներ վերականգնել՝ դիմելով թեթև վիրահատության։ Բացի այդ՝ կան նաև սեքսի այլ ձևեր, որոնք ազդեցություն չեն ունենում կուսաթաղանթի վրա։ Այդ իսկ պատճառով էլ հորդորում ենք բոլորին ավելի լավ մտածել այս հարցում եզրակացություններ անելուց առաջ։