Hraparak.am-ը գրում է.

Նախօրեին կայացած «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլից հետո կրքերը չեն հանդարտվում։ Բանն այն է, որ 10 մասնակցից միայն 5-ին հաջողվեց անցնել եզրափակիչ փուլ, որոնց թվում այդպես էլ չընդգրկվեց մրցույթի հիմնական ֆավորիտ Թամար Կապրելիանը։

Երկրպագուները սոցցանցերի էջերում քննարկեցին, քննադատեցին ու եզրակացրին՝ եվրատեսիլյան հերթական ֆիասկոն է։ Ոմանք էլ սրտնեղեցին՝ ճանապարհ են հարթում առաջին տիկնոջ սիրելի Մհեր Արմենիայի համար (նա անցավ եզրափակիչ)։

Այս և այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք Թամար Կապրելիանի պրոդյուսեր, շոուն բեմադրող պարուսույց Արթուր Գուրունլյանի հետ, որի համագործակցությունների ցանկում այնպիսի հայտնի անուններ են, ինչպիսիք են Ռիհանան, Բեյոնսեն, Քայլի Մինոուգը, Pussycat Dolls-ը եւ այլք:

-Արթուր, Թամար Կապրելիանը չանցավ եզրափակիչ փուլ, սպասո՞ւմ էիք նման արդյունքի։

-Դա մրցակցություն էր, որը երբեք չես կարող կանխատեսել։ Եթե դու մասնակցում ես այդպիսի մրցույթի, ապա պետք է պատրաստ լինես ամեն բանի։ Նա ամեն ինչ պատվով արեց, և մենք բոլորս հպարտ ենք նրանով։

-Նա սոցցանցերում և այլ հարթակներում գրեթե միշտ ֆավորիտ էր, երկրպագուները կարծում են, որ ընտրությունը արդար չի եղել։ Դուք այս մասին ի՞նչ կարծիք ունեք։ Արդա՞ր քվեարկություն է եղել։

-Դե, ինչպես արդեն ասացի, ոչինչ չենք կարող անել այլևս, քանի որ ժյուրին արդեն կայացրել է իր որոշումն ու արտահայտել իր տեսակետը։ Երբ դու մասնակցում ես նման տեսակի մրցումների, ապա պետք գիտակցես, որ այն շատ անկանխատեսելի է։

-Թամար Կապրելիանի հետ խոսե՞լ եք, նա ի՞նչ տեսակետ ունի այս հարցի առնչությամբ։ Հիասթափվա՞ծ է արդյունքներից։

-Բնականաբար խոսել եմ նրա հետ։Նա տխուր է։ Նա հրաշալի ելույթ ունեցավ, որը հայկական հեռուստատեսությամբ վիզուալ առումով բոլորովին տարբեր էր։

-Ելույթի ժամանակ նրա ձայնի տոնայնությունը բարձր էր, շոուն էլ, կարծես, այդքան էլ դինամիկ չէր։ Տեխնիկակա՞ն խնդիրներ էին առաջացել։

-Իրականում վոկալն ավելի բարձր էր, քան թրեքը, դրա համար չէին համընկնում։

-Այսինքն՝ տեխնիկակա՞ն խնդիր է եղել։

-Գաղափար չունեմ՝ ինչ խնդիր է եղել։

-Եզրափակիչ անցած մասնակիցների մասով ի՞նչ կասեք։

-Եզրափակչում մենք բոլորին ցանկանում ենք հաջողություն։ Թող հաղթի լավագույնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել