Դրանից առաջ «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը տիկնոջ հետ զբաղվում էր առևտրով: «Արտ Լանչ» ստեղծելու գաղափարն էլ առաջացել է այն ժամանակ, երբ նրանք ապրանք ձեռք բերելու նպատակով գտնվում էին արտերկրում, և գործընկերներից մեկի գրասենյակում նրանց առաջարկում են միասին ճաշել: Քանի որ այդ գրասենյակը գտնվում էր քաղաքից դուրս, Բակուր Մելքոնյանը հարցնում է, թե որտեղ պետք է ճաշեն: Գործընկերն ասում է, որ խնդիր չկա, կարող է պատվիրել հեռախոսով: Եվ առաքիչը բերում է պատվերը շատ գեղեցիկ փաթեթավորված, մեկանգամյա օգտագործման սպասքով և այլն: Այդպես որոշում են իրենք էլ Հայաստանում նման ծառայություն հիմնել ու պատվիրատուներին ուտեստներ առաքել հենց իրենց բնակարանից:
Այդպես Հայաստանում սկսվեց «Արտ Լանչի» պատմությունը: Բակուր Մելքոնյանի կինը, մայրն ու կնոջ ընկերուհին միասին կերակուր էին պատրաստում, փաթեթավորում, իսկ ինքը զբաղվում էր առաքմամբ, պատվիրատուներ գտնելով:
«Կինս տանը պատրաստում էր կերակուրը, ես էլ առաքում էի: Համոզված էի, որ հաջողվելու է մեր այդ ձեռնարկումը, որովհետև նկատել եմ՝ աշխարհում ինչ հետաքրքիր, օգտակար բան կա, վերջիվերջո գալիս է նաև մեր երկիր: Երբ 2002 թվականին սկսեցինք մեր բիզնեսը, իսկ այնուհետև՝ ճաշարանային բիզնեսը, շատ խորթ էր շատերի համար, որ մարդը պետք է գա ու իր ձեռքով իր ցանկացած ուտելիքը վերցնի, տանի սեղանի մոտ, նստի ուտի: Իսկ հիմա հերթեր են լինում: Բացի այդ, ես միշտ էլ վստահ եմ եղել՝ ցանկացած բիզնես վաղ թե ուշ հաջողություն կբերի, եթե հետևողականորեն ուսումնասիրես այդ ոլորտը և խորանաս դրա մեջ»,- «Անկախին» պատմեց «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը և ավելացրեց, որ այդ պահին պետք էր ինչ-որ բան անել, պետք էր պարզապես ընտանիք պահել, ու որոշեցին չվախենալ ու սկսել այս բիզնեսը: Իսկ հետագայում արդեն հմտացան ու մասնագիտացան այս ոլորտում ու որոշեցին ստեղծել ճաշարանների ցանց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ