Հասկանալի է, որ գունատ, անհատ, էտոց, հատել, զատել բառերը պատահականորեն չէ, որ գործածել ենք վերնագրում: Ինչքան էլ որ զարմանալի է, այդ բոլոր բառերի արմատը նույնն է՝ հատ: Իսկ ի՞նչ է նշանակում հատ բառն այսօր. «կորիզ, կուտ», «որևէ բանի (հաշվվող առարկայի) մեկ միավոր»:
Գրաբարում նշանակել է «կտրելը, կտոր, հատված, սերմ, հունդ, վերջ, ծայր»: Հատ բառից ունենք հատանել՝ «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել» և այլն: Հետաքրքիր է, որ ունենք նաև հատանալ բառը, որ նշանակել է «մանր հատերի վերածվել, փշրվել»: Երկու բառ՝ հատանել և հատանալ. մեկը՝ -ել խոնարհման, մյուսը՝ -ալ խոնարհման: Հայերենում քիչ քանակությամբ կան այնպիսի բառեր, որոնք ունեն նույն արմատը և -ել կամ -ալ վերջավորություններով տալիս են իմաստով իրարից բոլորովին տարբեր բառեր. օրինակ՝ կայանալ – կայանել, ծխալ – ծխել, ծորալ – ծորել, թվալ – թվել և այլն:
Հատ արմատից են հատուցել, հատված, հատիկ, հատոր, անհատ, դեղահատ, երկաթահատ և այլն: Հատ բառից հ հնչյունի կրճատմամբ առաջացել է ատ մասնիկը, որից ունենք մի շարք բառեր. օրինակ՝ ձեռնատ, պոչատ՝ «ձեռքը, պոչը հատված», գունատ, կտավատ՝ «կտավի հատ, սերմ», խրամատ, գլխատել և այլն:
Զ նախդիրով կազմվել են զատ՝ «առանձին, մեկուսի, հեռու», զատել՝ «առանձնացնել, ջոկել» բառերը:
Արմատի երկրորդ ձևն է յատ, որից՝ յատոց, յատուկ: Յատուկ (հատուկ) բառը բոլորիս ծանոթ է, նշանակում է «զատված, բաժանված, առանձնական, սեփական»: Իսկ ի՞նչ է յատոց-ը: Յատոցն էլ այգիները հատելու (էտելու) կեռ դանակն է, որն այժմ դարձել է էտոց: Այգին էտել նշանակում է էտոցով (յատոցով) էտել (յատել) այգու ծառերի ավելորդ ճյուղերը:
Բարբառներում ունենք խատնել բառը, որ նշանակում է «սպառվել, սատկել»: Սա նույնպես հատ արմատից է:
Ինչքան զարմանալի փոփոխություններ է կրել բառը, անճանաչելի դարձել, նորանոր իմաստներ ձեռք բերել:
Վերջում նշենք, որ Հր. Աճառյանը չի ստուգաբանում բառը: Գ. Ջահուկյանը բառը համարում է խեթերեն hattai «հատել, կտրել, ծակել, պատռել» արմատից ծագած: Իսկ Էդ. Աղայանը բառը համարում է հնդեվրոպական նախալեզվի peu «հարվածել, հարվածելով կտրել» արմատից: ՎԱՍ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել