Արամ Մանուկյանը ներողություն խնդրեցՔիչ առաջ Ազատության հրապարակում սկսվեց ՀԱԿ հանրահավաքը: ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը հավաքվածներին ողջունելուց հետո ներողություն խնդրեց, որ տասնմեկ ամիս այստեղ հանրահավաք չեն արել. «Ներող եղեք, կարոտել ենք ձեր աչքերի փայլը, ձեր աջակցությունը մեզ համար ամեն ինչ է: Կարծում եմ դուք էլ կարոտել եք վստահ, գրագետ, անաչառ խոսքի, վստահելի խոսքի: Ներող կլինեք, որ այս ընթացքում ձեզ զրկել ենք դրանից»: Նրա խոսքերով, մի քանին օր հետո ընտրություններ են, որոնք, ըստ նրա, ամենեւին էլ միայն տեղական ընտրություններ չեն. «Միայն Երեւանին վերաբերող ընտրություններ ամենեւին  չեն… այս ընտրությունները ավելին են, քան սովորական ընտրությունները: Որովհետեւ Երեւանում է որոշվելու ոչ միայն քաղաքապետի, այլեւ ՀՀ իշխանության խնդիրը…պետք է այս ընտրություններում ՀՀԿ-ին զրկենք իր մենաշնորհից, այս սուրբ մայրաքաղաքից, եւ բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են ուժերը միավորել եւ Երեւանը ազատագրել, միասնականության միջոցով վերցնել իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքից, այսօրվա ռեժիմի ձեռքից»: Նա կոչ արեց հավաքվածներին՝ տրամադրվել, որ մայիսի հինգին շատ կարեւոր, հանրապետական նշանակության քաղաքական ակցիա է. «Սովորական քվեարկություն չէ: Համոզեք ձեր համախոհներին՝ գան եւ քվեարկեն, իրենց կյանքի տասնհինգ րոպեն հատկացնեն երկրի ճակատագիրը որոշելուն»: Նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ձայն չի տվել ընտրողների 65%-ը. «Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը ջախջախվել է առավել եւս Երեւանում: Րաֆֆին հաղթել է, եւ ժողովուրդը հիմա էլ պատրաստ է իշխանությանը իր ձայնը չտալ: ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում այդ ձայները ստանալուն, ամենավստահելին ու ամենականխատեսելին եւ մշտապես ժողովրդի կողքին կանգնած՝ բաց ճակատով եւ ողնաշարը պինդ պահած: Մեզ կոտրել չկա, ժողովուրդ, մեզ խեղճացնել չկա, երբեք: Հալալ է այն քաղաքական ուժերին, որոնք այսպես են մտածում եւ այսպես են գործելու, նրանք, որոնք գտնում են, որ ՀՀԿ-ից պետք է վերցնել այս իշխանությունը, հալալ է բոլորին: Թող նրանք համարձակ գործեն եւ իմանան, որ այս խնդիրը լուծելու ենք եւ նրանց գործընկերությունը մեզ օգտակար է: ՀԱԿ-ը այն ուժն է, որը պատրաստ է վերցնել ՀՀ քաղաքական իշխանությունը եւ բոլոր խնդիրները լուծել: Վաղուց սպասված հանրահավաքը հայտարում եմ բացված»:

hak1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել