ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեն վերծանել է օրեր առաջ կործանված Ան-148 ինքնաթիռի ձայնային կրիչի ինֆորմացիան: Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող Ան-148 ինքնաթիռը, Դոմոդեդովո օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց անհետացել էր ռադարների էկրաններից, այն ընկել էր ու պայթել: Զոհվել էին բոլորը՝ ինքնաթիռի 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները:
Ինքնաթիռի բորտային ձայնագրիչում պահպանվել էր վերջին թռիչքի ձայնագրությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Փորձագետները հաստատել են նախորդ՝ պարամետրային կրիչից ստացված ինֆորմացիան: Այն վերծանելիս պարզվել էր, որ աղետը, հավանական է, տեղի է ունեցել թռիչքի արագության ոչ ճիշտ ինֆորմացիայից, որը օդաչուները ստացել են տեղեկատու սարքերից: Իսկ այդ անճշտություններն էլ իրենց հերթին ստացվել են ամբողջական ճնշման սարքի ցուցիչի սառցակալման հետևանքով, որով չափում են ինքնաթիռի արագությունը: Նրանց հակասառեցումը անջատված է եղել:
71 հոգու կյանք խլած աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:
Նշենք, որ «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը, որին պատկանել է ինքնաթիռը, հայտարարել էր, որ ինքնաթիռն անցել է պլանային ստուգումներն ու գտնվել սարքին վիճակում: Հարուցվել է քրեական գործ՝ «Օդային տրանսպորտի սպասարկման կանոնների խախտում, որն առաջացրել է 2 և ավելի անձանց մահ» հոդվածով:
Հատկանշական է, որ աղետի վայրում որոնողական աշխատանքներն ընթանում են մինչ օրս, հայտնաբերվել են զոհերի մարմինների գրեթե 1500 մասնիկ ու մոտ 500 կտոր՝ ինքնաթիռից: