Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր և շատ վճռական փուլ է սկսվել։ Թուրքիա է ժամանալ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով թուրքական իշխանությունների ու անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու է սիրիական ճգնաժամին վերաբերող հարցեր։ Թվում է, թե իսլամիստական խմբավորումներին ոչնչացնելուց հետո Սիրիայում իրավիճակը գնալով կհանդարտվի, սակայն այդպես չէ։ Երկրի հյուսիսում Թուրքիան հարձակվել է ու փաստացի ներխուժել սիրիայի Աֆրին քաղաք, որտեղ մարտեր է մղում քրդաբնակ ուժերի դեմ։ Թուրքիան քրդերին համարում է ահաբեկիչներ ու իր ինտերվենցիան հենց այդպես էլ մեկնաբանում է՝ պայքար ահաբեկիչների դեմ։ Ավելին՝ Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրմը հայտարարել է, որ իրենց հաջորդ թիրախը սիրիական Մանբիջ քաղաքն է, որտեղ, սակայն, տեղակայված են ամերիկյան զորքերը։ Թուրքերն արդեն իսկ հասցրել են ամերիկացիներին հորդորել դուրս գալ այդ տարածքներից՝ հնարավոր բախումներից խուսափելու համար։ Ամերիկացիները հայտարարել են, որ դուրս չեն գալու։ Պարզ է Թուրքիայի դիրքորոշումը։ Նրանք աշխատելու են մինչև վերջ Սիրիայից մաքրել քրդական հետքը, որը հետագայում կարող է հանգեցնել Թուրքիայում ապրող քրդերի հետ միացման, հետևաբար անկախություն պահանջելու Քրդստանի պահանջի։ Ամերիկան, ինչպես գիտենք, Սիրիայում աջակցում է քրդաբնակ ուժերին, ու շատ հնարավոր է, որ այս բախման արդյունքում Սիրիայում բախվեն թուրք-ամերիկյան զինված ուժերը, իսկ սա արդեն կարող է ծնել մի նոր արյունահեղություն Սիրիայում։ Այնպես որ, Թիլերսոնին ու Էրդողանին շատ ծանր բանակցություններ են սպասվում, որից, վստահաբար, կարող ենք եզրակացնել՝ կա՛մ թուրք-ամերիկյան հարաբերությունները կսկսեն լավանալ, կա՛մ նրանք վերջնականապես կփչանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: