Artsakhpress.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ անդրադարձ է կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Արդարություն և զարգացում կուսակցության խմբակցության նիստի ժամանակ դիմելով Հունաստանին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ թուրքական ռազմական ուժերը կարող են ցանկացած պահի քայլեր կատարել:
«Մեր ռազմանավերը, օդուժը և մյուս անվտանգության միավորումները այս պահին ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լիազորված են իրականացնելու ցանկացած միջամտություն»,- նշել է Էրդողանը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 12-ին հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում է իրականացնում ENI իտալական նավթային ընկերության համար, եւ նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ եւ սկսել աշխատանքը: Մինչ այդ ENI իտալական նավթային ընկերությունը, ֆրանսիական Total-ի հետ, հորատման աշխատանքներ էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում, եւ փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում եւ նշել, որ Նիկոսիան մտադիր է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը: Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական է որակել Թուրքիայի գործողությունները: