Բոլորս էլ ցանկանում ենք որևէ կերպով մեզ ավելի գեղեցիկ տեսք հաղորդել՝ լինի դա սանրվածքի այս կամ այն ձևն ընտրելով, դիմահարդարմամբ, հագուստի ընտրությամբ և այլն։ Բայց այս կնոջ համար, փաստորեն, գեղեցիկի ընկալումներն այլ են։ 30-ամյա Սիդնի Սմիթը, ով բնակվում է Լոս Անջելեսում, միշտ սիրել է ընձուղտներին ու տարիներ առաջ որոշեց, որ պետք է իր վիզը երկարացնի։

Բացի ընձուղտներից՝ Սիդնին ներշնչվել էր նաև պադաունգներից՝ Ասիայի հարավ-արևելքում բնակվող ժողովրդից, ուր կանայք իրենց վզերին օղակներ են կրում այն երկարացնելու նպատակով։

«Արդեն հինգ տարի է, ինչ կրում եմ այս օղերը։ Սկսեցի 2 օղից, հետո մի քանի ամիսը մեկ ավելացնում էի օղերի քանակը։ Այս հինգ տարիների ընթացքում շատ ներամփոփ եմ դարձել։ Իրականում հեշտ չէր լինել բոլորից այդքան տարբերվող։ Այն երբեմն խանգարում էր նաև առօրյա գործերում»,- պատմել է ամերիկուհին։

«Ընձուղտ-կին» մականունով հայտնի Սիդնին վերջերս երեխա է ունեցել, ինչից հետո որոշել է ազատվել վզի տասնհինգ օղերից։ Այս հինգ տարիների ընթացքում նրա մարմինն արդեն սովորել էր օղերին, ինչի պատճառով դրանք հեռացնելուց հետո կնոջ վիզը շատ թույլ է։ «Այնպիսի տպավորություն է, որ գլուխս հիմա կընկնի վզիս վրայից»,- նշում է նա։


Անգամ այս ամենից հետո Սիդնին ցանկանում է հետագայում ևս որևէ կերպով երկարացնել իր վիզը, քանի որ նրա սերն ընձուղտների հանդեպ ամենևին չի մարել։



