«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող «ՊՆ 0001» եւ նրա թիկնազորի՝ «ՊՆ 101» պետհամարանիշներով մեքենաները փետրվարի 3-ին Երեւանի Աբովյան փողոցում 1 րոպեի ընթացքում երթեւեկության կանոնների 3 խախտում են թույլ տվել:
Armtimes.com-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նշված պետհամարանիշով մեքենաները կանգնում են Աբովյան-Կորյուն փողոցների հատման մասի լուսացույցի կանգ-գծի մոտ: Մեքենաները կանգնում են 4-րդ գծում: Ճանապարհային երթեւեկության նշանների կահավորվածության համաձայն` այդ սեկցիայից երթեւեկությունը թույլատրվում է բացառապես դեպի ձախ՝ Կորյունի փողոց, սակայն նախարարին ուղեկցող մեքենաները սլանում են ուղիղ՝ դեպի Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ: Այդ ընթացքում էլ «ՊՆ101» պետհամարանիշով մեքենան հասցնում է երկու անիվներով հատել կանգ գծին ուղղահայաց գծանշումը, ապա մեքենաները Պուշկինի փողոցից շարունակում են երթեւեկությունը դեպի Հյուսիսային պողոտա:
Ի դեպ, Վիգեն Սարգսյանը բնակվում է Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վերը նշված խախտումներից յուրաքանչյուրի համար սահմանված է 5 հազար դրամ տուգանք, բայց քանի որ Ճանապարհային ոստիկանությունը «ջրում է» ՊՆ պետհամարանիշով մեքենաների խախտումները, ապա այս դեպքում եւս նախարարի վարորդները չեն տուգանվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: