Համացանցում այս պահին բուռն քննարկումներ են գնում Արամ Մանուկյանի արձանի հետ կապված, որը պետք է շուտով՝ հավանաբար հենց մայիսի 28-ին, տեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:
Մի բան բոլորիս համար հստակ է և միակ ընդունելի տարբերակը. Հայաստանի նոր պետականության հիմնադիրը պետք է հարիր և հպարտ կերպով ներկայացված լինի մեր մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, իսկ այն «խալաթով մարդու» ուղղակի ծիծաղելի և խղճուկ պատկերը, որը մեզ այժմ հրամցվում է որպես կասկածելի մրցույթում իբր «հաղթած» նախագիծ, ուղղակի անընդունելի և մերժելի է: Ճիշտ է, պատկան մարմինների անհասկանալի ձգձգումների պատճառով շատ քիչ ժամանակ է մնացել, բայց սա այն հարցն է, որն իրոք առանց լայն քննարկման և հավանության հնարավոր չէ իրականացնել: Խոսքը միայն այսօրվա մասին չէ, այս ամենը պետք է դիտարկել նաև ապագա սերունդներին պատմական հիշողության փոխանցման կտրվածքով: Առանց այն էլ 68 տարի Արամ Մանուկյանի անունը և ազգանվեր գործունեությունը լենին-ստալինյան երկաթյա փակի տակ է եղել․ Արամի մասին լայն հանրությունն իմացավ միայն 1988-ի մայիսի 28-ին Օպերայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցը բախտ եմ ունեցել նաև ես լինել:
Նիկոլ Աղբալյանն այսպիսի հրաշալի խոսքեր ունի Արամ Մանուկյանի մասին. «Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք՝ արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»: