Այն, որ Հայաստանում քաղաքական ճահճացում է, նկատում ենք բոլորս, քանզի արդեն տարիներ շարունակ նույն մարդկանց ենք տեսնում քաղաքական դաշտում: Խորհրդային տարիներից ժառանգած փորձով առաջնորդվող քաղաքական գործիչներից շատերը ոչ միայն չեն ընդունում արդիական քաղաքական զարգացումները, այլ նաև ամեն կերպ փորձում են չեզոքացնել դրանք: Քաղաքական սուբյեկտ հանդիսացող կուսակցություններից շատերը վերածվել են քարացած կառույցների, որոնք ագրեսիվորեն են արձագանքում երիտասարդների յուրաքանչյուր նախաձեռնության, եթե այդ երիտասարդները չեն գործում իրենց հրահանգով: Ստեղծված իրավիճակում երիտասարդները հայտնվել են մարգինալ վիճակում, քանզի կամ պետք է մի կողմ դնեն իրենց կամային հատկանիշները և որդեգրեն ենթակային բնորոշ կեցվածք կամ էլ ուղղակի դուրս մղվեն քաղաքական հարթությունից: Գաղտնիք չէ, որ մեր նախորդ սերունդը որպես ժառանգություն մեզ է թողնելու խնդիրներով գերհագեցած պետություն, որը հենց մենք պետք է հանենք այս լճացումից: Այս ամենով հանդերձ երիտասարդներին չի տրվում որևէ հարթություն գործելու և թեկուզ փորձ ձեռք բերելու համար: Կուսակցությունների շարքերում ընդգրկված երիտասարդները հիմնականում երկար ժամանակ սպասում են իրենց «աստեղային» ժամին, որը որպես կանոն կամ այդպես էլ չի գալիս կամ էլ սահմանափակվում է կուսակցության կազմում որևէ արհեստական պաշտոնի զբաղեցմամբ: Երիտասարդների ուղեղային պոտենցիալը հաճախ օգտագործվում է ոչ թե ի օգուտ Հայաստանի զարգացման, այլ ճղճիմ ներքաղաքական նպատակների համար, ինչի արդյունքում էլ հենց երիտասարդները հիասթափվում են և բռնում արտագաղթի ճանապարհը: Բազմաթիվ ուսանողներ բարձրագույն կրթություն ստանալուց հետո լցված են փոփոխություններ իրականացնելու էներգիայով, սակայն բախվելով դառն իրականությանը շատ հաճախ սպառում են իրենց էներգիան` աշխատելով ոչ իրենց մասնագիտությամբ, ինչի արդյունքում էլ դուրս են մղվում մրցունակ մասնագետների ցուցակից: Գրեթե բոլոր ոլորտներում պատասխանատու աշխատատեղերը զբաղեցնում են ոչ թե այն մարդիկ, ովքեր տիրապետում են այդ աշխատանքին, այլ նրանք, ում հաջողվել է տարաբնույթ ճանապարհներով հասնել այդ պաշտոնին, ուստիև դողում են իրենց աշխատանքի վրա և բառիս բուն իմաստով չեզոքացնում այն երիտասարդներին, ովքեր ավելի պատրաստված են: Այս փտած մթնոլորտը տիրում է նաև քաղաքական դաշտում, որտեղ կուսակցական գաղափարն այնքան է ներարկվել կուսակցականների ուղեղում, որ շատ հաճախ հայ ազգի ներկայացուցիչները միմյանց հանդեպ թշնամաբար են տրամադրվում` ազգի և պետության շահերից վեր դասելով կուսակցական գործունեությունը: Այս արատավոր երևույթը պետք է կանխվի, ինչի համար էլ անհրաժեշտ է, որպեսզի մեր սերունդը ձեռնամուխ լինի քաղաքական սերնդափոխության: Այս դժվարին և բարդ գործընթացի հաջողությամբ չպսակվելու դեպքում Հայաստանը չի կարող խուսափել քաղաքական քարացած և փակ դաշտից, ինչն էլ ուղիղ կերպով անդրադառնում է Հայաստան պետության ապագայի որակի վրա:
Անի Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել