Բոլորին պետք է զինաթափել«Բա կոմունիստների ժամանակ այդքան վթարներ, այդքան աղետներ տեղի՞ էին ունենում»: Հաճախ այդպիսի հարց կարելի է լսել միջինից բարձր տարիքի մարդկանցից: Իսկապես, 1985 թվականից հետո մենք ավելի հաճախ ենք լսում տարբեր տեսակի աղետալի պատահարների մասին: Բայց դա չի նշանակում, որ դրանից առաջ աղետներ չեն եղել: Պարզապես դրանք խնամքով թաքցվել են՝ իշխանությունը հնարավորություն ու ցանկություն ուներ խորհրդային մարդկանցից տհաճ իրադարձությունները թաքցնել՝ խնայելով այդ մարդկանց նյարդերը եւ փորձելով չփչացնել երկրի միջազգային իմիջը:

Մոտավորապես նույնատիպ խոսակցություններ այսօր լսում ենք Գյումրիի հետ կապված՝ «այս ի՞նչ է սկսվել քաղաքում»: Բայց դա ոչ այսօր է սկսվել, ոչ էլ երեկ. քրեական «ռազբորկաները» Գյումրիում առնվազն 15 տարվա պատմություն ունեն: Պարզապես այդ ընթացքում Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր, որը հակամարտող կլաններից մեկի ղեկավարն է, եւ բնական է՝ այն, ինչ հնարավոր էր թաքցնել, նա թաքցնում էր, այն քրեական գործերը, որոնք հնարավոր էր «ջրել», նա «ջրում էր»: Ճիշտ է, դրա հետեւանքով նորմալ չեն քննվել եւ չեն բացահայտվել նաեւ իր կլանի եւ իր անձի դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում նաեւ՝ իր դեմ մահափորձը:

Վարդան Ղուկասյանը, երբ նրան եւ նրա ընտանիքին մեղադրում էին քրեական հակումներ ունենալու մեջ, խիստ վրդովվում էր, ասում էր, որ դրանք պատվերով գրող լրագրողների հորինվածքներ են, մինչդեռ նա եւ իր ընտանիքը աստվածապաշտության եւ խաչապաշտության մարմնավորում են: Մի անգամ էլ պարոն Ղուկասյանը գյումրեցուն հատուկ հումորով այսպես է հակադարձել այս մեղադրանքներին. «Իմ մոտ միայն Սպարտակն է (որդին- Ա. Ա.), իսկ նրանց մոտ (Մարտունիկի կլանում-Ա. Ա.)՝ մի ամբողջ սպարտակիադա»: Իրականում, սակայն, երկու կողմերից էլ քրեական գործերում խառնված են մի քանի տասնյակ մարդիկ՝ բարեկամական եւ ընկերական կապերով՝ կրիմինալ շղթայով միացած: Այնպես որ՝ «սպարտակիադան» երկկողմանի է:

Այժմ Վարդան Ղուկասյանն այլեւս քաղաքապետ չէ: Եվ, որը էական է, քաղաքապետ չէ նաեւ նրա հետ հակամարտող՝ Մարտունիկի կլանի ներկայացուցիչը: Դա հնարավորություն է տալիս բացահայտ, առանց որեւէ բան թաքցնելու խոսել գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն՝ ընդունել, որ այդ երկու թիմերի միջեւ իրականացվում է արյունալի վենդետա, որին պետք է օր առաջ վերջ տալ, քանի նոր զոհեր չեն եղել: Ինչպես նաեւ՝ բարձրաձայնել, որ այդ ավազակախմբերը հովանավորներ ունեն Ազգային ժողովում եւ իշխանական այլ շրջանակներում: Ավելի քան ակնհայտ է նաեւ, որ ապրիլի 24-ին մարդ սպանած ինքնաձիգը միակը չէ, որը կա երկու կլանների տրամադրության տակ գտնվող հարուստ զինանոցում: Ավելին՝ նման անօրինական զինված խմբավորումներ ունեն Հայաստանում բոլոր օլիգարխները, եւ դրանք օգտագործվում են ոչ միայն միջկլանային պայքարում, այլեւ քաղաքական նպատակներով (օրինակ՝ մարտի 1-ին): Ժամանակն է բոլորին զինաթափել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել