Գետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ մերժված բանջարեղեն է:
Չնայած անվանն ու կարտոֆիլի հետ հաճախակի համեմատությանը` արտաքին ընդհանրության պատճառով, այս բանջարեղենն արևածաղկի ընտանիքից է, որի մասին հուշում է թերևս միայն վերգետնյա փրերի նմանությունը:
Գետնախնձորի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է, որտեղ մինչ օրս էլ հանդիպում է այս բույսի վայրի տեսակը: Այս աշխարհամասից է այն սկսել իր «ուղևորությունը» դեպի Եվրոպա: Ճանապարհորդ Սեմյուել դը Շամլայնը գետնախնձոր ուղարկեց Ֆրանսիա 1605-ին: Այստեղ է, որ տոպինամբուրը (հնդկացիների լեզվով` արևարմատ, բառն առաջացել է բրազիլական հնդկացիների բազմաթիվ համայնքներից մեկի` տուպինաբայի անունով)) ստացավ գետնատանձ անունը, որով էլ XVIII դարում հասավ Ռուսաստան: Իսկ երուսաղեմյան արտիճուկ անունը գետնախնձորը ստացել է Անգլիայում: Պատերազմական սովի ժամանակ, երբ դժվար էր անգամ կարտոֆիլ ճարել, գետնախնձորն ու բազուկը եվրոպացիներին օգնեցին ապրել: Կուշտ տարիներին մոռացված արմատապտուղը հիմա կրկին իր դիրքերն է ամրապնդում, մանավանդ` Ֆրանսիայում: Ու դրան մեծապես նպաստում են խոհարարները, որոնք նորանոր բաղադրատոմսեր են առաջարկում: Մեր օրերում այդ բանջարեղենն աճեցվում է մոլորակի տարբեր անկյուններում, սակայն այն գյուղատնտեսական արժեքավոր մշակաբույս այդպես էլ չդարձավ` երկարատև պահպանելու դժվարության պատճառով: Գետնախնձորն աճեցնում են նրանք, ովքեր գիտեն դրա իսկական արժեքը:
Գետնախնձոր արմատապտուղն օգտագործվում է սննդի մեջ, իսկ փրերը` որպես սիլոս: Բացի այդ, այն արժեքավոր հումք է սպիրտի, ֆրուկտոզայի ստացման համար, իսկ հաճախ էլ ցելյուլոզայի արտադրության մեջ է կիրառվում:
Կարտոֆիլի նման, այն ևս օգտագործվում է տապակած, խաշած, ինչպես նաև հում վիճակում, դրանից պատրաստում են ապուր, խյուս ու աղցան, իսկ Ամերիկայում գետնախնձորի չոր պալարներից պատրաստում են դիետիկ սուրճ:
Պեկտինային նյութերի շնորհիվ այն կիրառվում է դոնդող, մարմելադ, ջեմ ու դիետիկ սնունդ պատրաստելու համար:
Գետնախնձորի բաղադրությունը (100 գ)
Ջուր-81 գ, սպիտակուցներ (3գ), ածխաջրեր (15 գ), բջջանք (0,8գ), պեկտիններ, մոխիր-1,1գ,
վիտամիններ. В1 (թիամին) – 0.24 մգ
վիտամին В1 (ռիբոֆլավին) – 0.5 մգ
նիացին (վիտամին В3 կամ վիտամին РР) – 0.3 մգ
վիտամին В5 – 0.1 մգ
վիտամին В6 (պիրիդոքսին) – 0.03 մգ
ֆոլիաթթու (վիտամին В9) – մկգ
վիտամին С (ասկորբինաթթու) – 20 մգ
հանքանյութեր
կալիում – 280 մգ
կալցիում – 16 մգ
մագնեզիում – 6 մգ
նատրիում – 3.4 մգ
երկաթ – 2.0 մգ
կալորիականությունը. 100գ-ում` 74 կկալ:
Գետնախնձորի քիմիական բաղադրությունը բարերար ազդեցություն է ունենում մարսողական օրգան-համակարգի հիվանդությունների զարգացման բոլոր փուլերում, ինչը հաստատվել է տարբեր տարիներին իրարից անկախ կատարված մի շարք հետազոտություններով:
Առաջին հերթին ինուլինը բացառիկ սորբենտի դեր է կատարում, որը կարող է կապակցել ու օրգանիզմից դուրս բերել սննդի հետ աղիքներում հայտնված կամ մարսողության ընթացքում առաջացած մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Բացի այդ, ինուլինը խթանում է ստամոքսաղիքային տրակտի շարժողական ակտիվությունը:
Շատ կարևոր է հետևյալը. գետնախնձորը հրաշալի միջոց է ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում (աշնանը, գարնանը): Օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ:
Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի, լեղաթթուների սինթեզին:
Գետնախնձորը պաշտպանում է լյարդը հիվանդածին մանրէներից: Ի դեպ, այն, ի տարբերություն բազմաթիվ դեղամիջոցների, հակացուցված չէ լյարդի հիվանդությունների մեծամասնության ժամանակ, սակայն կարող է վնասել օրգանիզմը անհատական անընկալության դեպքում: Մեծաքանակ բջջանքն ու ինուլինը կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտում գազառաջացման, ուստի նրանք, ովքեր ունեն նման խնդիր, լավ կլինի` չչարաշահեն հում գետնախնձորի կիրառումը:
Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ գետնախնձորն օգտակար բաջարեղեն է, այն խորհուրդ է տրվում շաքարախտի դեպքում: Դրանից ստացվում են աղցաններ, խյուս, ապուր:
Իսկ ով փորձել է, ապա գիտի գետնախնձորի համը. հում բանջարեղենն ինչ-որ չափով ընկույզ է հիշեցնում: Թարմ պալարներն օգտագործվում են նաև աղցաններում: Այն կարելի է եփել և ընդհանրապես պատրաստել ինչպես կարտոֆիլը: Ջերմամշակման արդյունքում այն ավելի հագեցած համ է ձեռք բերում: Գետնախնձորը կարելի է նաև չորացնել ու դրանից ալյուր ստանալ, որն անգամ երկար պահելուց հետո էլ չի կորցնում օգտակար հատկությունները: Գետնախնձորն օգտագործում են նաև թթուների ու մարինադների մեջ: Իսկ Գերմանիայում գետնախնձորից գարեջուր են պատրաստում:
Օգտագործելուց առաջ հարկավոր է պարզապես շատ լավ լվանալ, իսկ կեղևահանել պետք չէ, քանի որ դրա մեջ շատ օգտակար նյութեր կան:
Տաք աղցան
Գետնախնձորը կտրատել 3 մմ հաստությամբ օղակներով, նույն ձևով կտրատել նաև կարմիր սոխը: Երկու բաղադրիչները միասին տապակել ձեթով (ցանկալի է` ձիթապտղի), ու վերջին պահին մի քանի պճեղ սխտոր ճզմել և համեմել աղով ու պղպեղով: Գազօջախն անջատել, ապա վրան լիմոնի հյութ ցողել ու կանաչի ցանել: Այս աղցանը մատուցվում է տաք վիճակում:
Սկզբնաղբյուր. ankakh.com