girg-patmvacq
    Մարդիկ, ովքեր հաճախ են քայլում Երևանի փողոցներով, անկասկած  հանդիպած կլինեն նրան. միջին հասակի տղամարդ էր` ո՛չ գեր, ո՛չ նիհար, արևից թխացած ճաղատով ու մոխրագույն, միշտ անհանգիստ աչքերով: Նրան կարելի էր հեռվից հեռու ճանաչել իր հագուկապով. միշտ միևնույն շորերն էին հագին` հանգուցյալ հոր հնացած տաբատն ու մուգ պիջակը, որը, ի տարբերություն տաբատի, բավականին լավ էր պահպանվել: Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով էր նա և ինչ էր անունը: Նրա մասին հայտնի էր միայն, որ միշտ կեսօրից հետո իր փոքրիկ, մոխրագույն ճամպրուկը ձեռքին  ժամերով միայնակ շրջում է Երևանի փողոցներով ու հայացքը գետնից չի բարձրացնում, կարծես ինչ-որ բան է փնտրում, ինչ-որ շատ կարևոր, շատ թանկ բան:
    Նա փակեց բնակարանի դուռն ու ձեռքը բազրիքին՝ սկսեց անշտապ իջնել աստիճաններով: Օրը լուսավոր էր, մի տեսակ անբացատրելի ու չպատճառաբանված բարություն էր թրթռում օդում: Բարձրանալով երթուղային` շտապ տեղավորվեց պատուհանի մոտ և փոքրիկ, մոխրագույն ճամպրուկից թուղթ ու մատիտ հանելով` դուրս նայեց. հոնքերը խոժոռվել էին, աչքերը լարվել, կարծես ինչ-որ շատ կարևոր գործ էր անում պատուհանից այդպես նայելով, կարծես վախենում էր, որ ինչ-որ բան կվրիպի հայացքից, ինչ-որ բան բաց կթողնի: Սկսեց նշումներ կատարել թղթերի վրա, մատիտը անփութորեն սահելով՝  անճոռնի, անընթեռնելի հետքեր էր թողնում, նա հայացքը չէր կտրում պատուհանից, միայն մեկ-մեկ շրջվում, զայրացած նայում էր  վարորդի թիկունքին, հետո ինչ-որ բան փնթփնթում քթի տակ ու նորից շարունակում  դուրս նայել: Երթուղայինում գտնվող մարդիկ երբեմն  հայացք էին գցում պատուհանին`տեսնելու, թե ինչն է այդպես գրավել նրա ուշադրությունը, սակայն ոչ մի արտառոց բան չգտնելով` նորից կուչ էին գալիս մտքերի մեջ և շարժիչի բթացնող աղմուկի հետ շարունակում ընթացքը: Իջնելով երթուղայինից՝ ճեմեց Աբովյան փողոցով՝ հայացքն ինչպես միշտ չբարձրացնելով գետնից. նրա ամենասիրելի փողոցներից էր, որովհետև միշտ մարդաշատ էր, որովհետև  լավագույն քայլվածքներից շատերը հենց այդ փողոցում էր գտել: Արդեն շատ տարիներ էր, ինչ նա իր ամբողջ ժամանակն ու եռանդը վատնում էր տարօրինակ, չլսված զբաղմունքի վրա. մարդկանց քայլվածքներն էր ուսումնասիրում (հավաքում), դա մի աշխարհ էր, որը միայն իրեն էր պատկանում, ինքն էր ստեղծել, և ոչ-ոք մուտք չուներ այնտեղ իրենից բացի: Ամեն օր, կեսօրից հետո, ճամպրուկը ձեռքին՝ նա սկսում էր շրջել քաղաքով, անցնում էր փողոցից փողոց և հայացքը մարդկանց քայլվածքներից չպոկելով` համառորեն փորձում էր նոր, դեռ չհանդիպած քայլվածք գտնել: Նա մարդկանց ճանաչում էր քայլվածքից, հաճախ ինքն իրեն ժպտում էր, երբ տեսնում էր որևէ ծանոթ քայլվածք, նրա համար մարդիկ չկային, կային միայն քայլվածքներ, իսկ այդ քայլվածքները բոլորն էլ տարբեր ու հետաքրքիր էին:
    Անշտապ անցավ «Մոսկվա» կինոթատրոնի մոտով և քայլերն ուղղեց դեպի հրապարակ: Թվում էր` շուրջը այդքան մարդիկ կան, այդքան քայլվածքներ, սակայն այդ ամենը արդեն ձանձրացրել էր նրան, նա փնտրում էր ինչ-որ նոր, չտեսնված քայլվածք, լավ չէր պատկերացնում, թե ինչ է փնտրում, սակայն համոզված էր` երբ տեսնի, անտարակույս կհասկանա, որ դա իր փնտրածն է: Հոգնելով՝ նստեց անկյունի նստարանին, անկեղծ ու մանկաբար զայրանալով անցորդների վրա, որ համառորեն իրենից  թաքցնում են լավագույն քայլվածքները,  բացեց  ճամպրուկը, խնամքով հանեց իր անգին թղթերը, սկսեց աչքի անցկացնել: Այդ համարակալած թղթերը նրա զավակներն էին, նրա կյանքի իմաստը, դրանց վրա էին լավագույն քայլվածքները, որ երբևէ հանդիպել էին: Հայացքը սահում էր միայն իրեն հասկանալի գծագրերի, բառերի վրայով և սիրտը սկսում էր  խուտուտ տալ կրծքի տակ, քայլվածքները գալիս էին աչքերի առաջ, վերհիշում էր ամեն մանրուք, ամեն  շարժում և անբացատրելի հաճույք էր ստանում: Քայլվածքները նկարագրված էին բառ առ բառ, ոչ մի շարժում չէր վրիպել նրա հայացքից, ահա դրանցից մեկը, որ գտել էր Չարենցի փողոցի մոտակայքում, ահա մեկ ուրիշը` Թումանյան փողոցից… Քայլվածքները տարբեր էին` չէին կրկնվում, և բոլոր քայլվածքների համար նա ուներ իր բացատրությունը, յուրաքանչյուրը  մարդկային ինչ-որ խառնվածք, գաղտնիք էր թաքցնում, և ինքը, միայն ինքը գիտեր բոլորի գաղտնիքները:
    Փողոցներն արդեն վառել էին իրենց շեկ լույսերը, նա շրջել էր ամբողջ քաղաքով ու այդպես էլ չէր գտել փնտրածը, հիմա անշտապ քայլում էր կանգառի կողմը`  շարունակելով հետևել  քայլվածքներին, սակայն լապտերների լույսն արդեն սակավ էր, տեսողությունը սկսում էր դավաճանել, ստվերները խաբկանքներ էին ստեղծում, չէր հասցնում հետևել շարժումներին: Մի պահ ինչ-որ քայլվածք ի վերջո գրավեց ուշադրությունը, տեսողությունը լարելով` կարողացավ որսալ, բաց չթողնել պահը, սակայն երկար նայելուց հետո  քթի տակ «սարեցի է»  փնփնթալով` գլուխը հուսահատված շրջեց և շարունակեց քայլել դեպի կանգառ: Նա դեռ վաղուց նկատել էր, որ գյուղից նոր եկած մարդիկ կամ ինչպես ինքն էր ասում `սարեցիները, ոտքերը մի տեսակ առաջ նետելով են քայլում, շատ են առաջ նետում, իսկ քաղաքացիները կամ նրանք, ովքեր երկար ժամանակ են ապրում  քաղաքում, ընդհակառակը` կարճ-կարճ և զգուշավոր են քայլում…
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել