Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների համատեքստում ի թիվս այլ հարցերի ակտիվորեն քննարկվում էր նաև թրքական դրոշն «այրել-չայրելու» հարցը: Միանգամից ասեմ` այրե՛լ: Այրել՝ ցույց տալու թրքական պետության և նրա ժխտողական պետական քաղաքականության հանդեպ վերաբերմունքը: Եվ պետք չէ ասել, որ դա քաղաքական կոռեկտությունից դուրս է: Ընդհանրապես հասկանալի չէ «քաղաքական կոռեկտության» եզրի կիրառումը մի պետության հանդեպ, որն այդ եզրույթի հետ որևէ աղերս չունի և երբևէ չի ունեցել («Հազար տարում` հազիվ դառավ մարդասպան» Հովհ. Թումանյան):
Հիմա` երկու վերապահում: Առաջին. դա պետք է անեն բացառապես քաղաքական ուժերի ներկայացուցիչները, երիտասարդները, մասնավորապես, ինչը և արվում է: Պետությունն այս ակցիային չպետք է ունենա առնչություն: Մեր պետությունը թրքական ժխտողականության դեմ պետք է պայքարի միջազգային քաղաքականության և դիվանագիտության հարթության մեջ:
Երկրորդ. այրել է պետք ոչ այնքան Երևանում, որքան Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Թել-Ավիվում, Բեռլինում, Մոսկվայում, Ստամբուլում (եթե վաղը-մյուս օրը իրեն քաղաքակիրթ հռչակած Թուրքիայում խոսքի ազատությունը նման «գերաճ» տա...) և այլուր: Այրել դեսպանատների դիմաց, այլոց աչքի առաջ, ի ցույց դեսպանների, դիվանագետների, այդ երկրների իշխանությունների և հասարակությունների: Այրել, ու ասել, թե ինչու ենք այրում այդ պետության խորհրդանիշը: Այրում ենք, որովհետև այդ պետությունը ժխտում է, ուրանում է իր կատարած հանցագործությունը, դա անում է տասնամյակներ շարունակ, համակարգված, հետևողական՝ օգտագործելով իր բոլոր միջոցները, ի հեճուկս աշխարհի բազմաթիվ պետությունների ու միջազգային կազմակերպությունների` այս հարցով ունեցած հստակ դիրքորոշմանը, նրանց կողմից ընդունած ու դեռևս ընդունելիք փաստաթղթերի: Պետության խորհրդանիշի այրումը շատ հասցեական քաղաքական ակցիա է: Սա քաղաքական պայքարի գործիք է և պետք է կիրառվի ճիշտ և նպատակային:
Ընդհանրապես, Հայոց պահանջատիրությունը պետք է ունենա միասնական կոնցեպտ: Բաղկացած լինի ձևակերպված նպատակից, խնդիրներից, գործողությունների ծրագրից: Այդ ծրագրում պետք է տեղ գտնեն քաղաքական, իրավական, դիվանագիտական, տեղեկատվական, տնտեսական, ինչու չէ` նաև մշակութային պայքարի ամենաբազմազան ձևերը, որոնք պետք է կյանքի կոչվեն զուգահեռաբար, մեկը մյուսի հետ համակցված, անպայմանորեն ճիշտ դերաբաշխումով: Արդյունքը միայն այդ ժամանակ ի հայտ կգա:
Վերջապես, խնդիրը «այրել-չայրելը» չէ: Կարելի է և չայրել, եթե հարցի համակողմանի քննարկումները հանգեցնեն քաղաքական այդ ակցիայի անարդյունավետության կամ ժամանակավրեպ լինելու եզրակացության: Խնդիրը, մեծ հաշվով, կոնցեպտի առկայության և միասնական մոտեցման մեջ է. թե՛ Հայոց պահանջատիրության պայքարի թեկուզ և փոքր, բայց այնուամենայնիվ` բաղադրիչ հանդիսացող այդ եղանակի կիրառման, և թե՛ համազգային նշանակության հիմնախնդիրների լուծման ուղիների առումներով, ընդհանրապես: Սրանք այն հարցերն են, որտեղ քաղաքական բազմակարծությունը ոչ միայն արդյունավետ չէ, այլև թույլատրելի չէ, ավելին` վտանգավոր է:

Cicatum:                                           «Է՜, բա եղա՞վ... հինգ հոգով վեց երգ ենք երգում...
Հարյուր հոգով մի երգ պիտի երգենք, որ օճորքը քանդվի»:
«Եռանկյունի» ֆիլմից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել