Հարգելի քաղաքացիներ, 
վերջերս գործակալությունն անդրադարձել էր GetContact-ին՝ խորհուրդ տալով չներբեռնել այն: Սակայն վերջին ամսվա ընթացքում Google Play-ում (Android) և App Store-ում (iOS) GetContact հավելվածը Հայաստանի տարածքից եղել է ամենաշատ ներբեռնվողների ցանկում:

Հաշվի առնելով դա՝ գործակալությունը ևս մեկ անգամ ցանկանում է անդրադառնալ այդ հավելվածին։

Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ դուք թույլատրում եք հավելվածին.

ունենալ հասանելիություն ձեր այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը,

կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ,

գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,

հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։

Գործակալությունը հիշեցնում է, որ, ձեր անձնական տվյալները վտանգելուց բացի, դուք նաեւ հնարավորություն եք տալիս հավելվածին իր բազայում ներառել ձեր սարքի հասցեագրքում առկա անձանց հեռախոսահամարներն առանց նրանց համաձայնության եւ իմացության:

Ուստի եւս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց, ինչպես նաեւ առհասարակ ցանկացած հավելված ներբեռնելիս ուշադիր լինել եւ անհարկի չթույլատրել հասանելիություն ձեր սարքում առկա անձնական տվյալներին:

Հավելվածի օգտագործման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.getcontact.com/en/help/privacy

Եթե ձեր համարը կա բազայում, այն կարող եք հեռացնել այս հղմամբ՝ https://www.getcontact.com/en/unlist։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել