Ծխելն իսկապես վատ բան է, չծխող մարդկանց կամ երեխաների մոտ ծխելը մտածողության, մեկ-մեկ էլ դաստիարակության հարց է։ Առողջապահության նախարարությունը ճիշտ է անում, որ պայքարում է դրա դեմ, բայց դնել և միանշանակ արգելել ծխելն, օրինակ՝ բոլոր սրճարաններում, կամ չթույլատրված վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ սահմանելը համարում եմ ոչ արդյունավետ նպատակին հասնելու տեսանկյունից։ Նախ՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեր երկրի առավելություններից մեկն էլ համարում են ռեստորաններում ու ժամանցի վայրերում ծխելու հնարավորությունը, սա ծխողների համար իսկական դրախտ է, մյուս կողմից, եթե մենք ընդունելու ենք օրենք, ապա դրա սանկցիան պետք է խելամիտ լինի, տուգանքի չափը պետք է հաշվարկել սոցիալական վիճակ հաշվի առնելով։ Չեմ պատկերացնում, որ մեծահարուստը կանգնած կլինի կանգառում, կսպասի երթուղային տաքսու և այդ ընթացքում դարդից կծխի։ Այդ ծխողը մեքենա չունեցող մարդն է, որի եկամուտների մասին կարելի է ենթադրություններ անել, ինչքան կուզենք։ Ասելիքս այն է, որ չնայած համարում եմ, որ նախարարությունը պետք է ամեն բան անի առողջ քաղաքացիներ ունենալու համար, բայց դա չպետք է բերի հակառակ արդյունքի։ Իմ պատկերացմամբ՝ կանգառում ծխելու տուգանքը պետք է լինի 500 դրամ, մեքենայի ղեկին ծխելու տուգանքի չափ հիմա կա, եթե չեմ սխալվում՝ 5000 դրամ, սրճարաններն էլ պետք է ունենան չծխողների սրահներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: