Դավոսում մեկնարկել է համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երեկ նա հանդիպում է ունեցել Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի բիզնես շրջանակների հետ, որտեղ ելույթ է ունեցել։ Վարչապետի հիմնական ասելիքն օտարերկրյա ներդրողներին Հայաստանում բիզնես անելու հրավերն ու առաջարկն էր։ Այսօր առավել, քան երբևէ ստեղծվել է բարենպաստ միջավայր Հայաստանում բիզնես ծավալելու համար։ Այս այցը հատկանշական է նրանով, որ ՀՀ վարչապետը Եվրոպա է մեկնում իր պաշտոնավարման 1 տարի 4 ամիսների ընթացքում առաջին անգամ։ Կարապետյանը բազմիցս նշել է, որ ինքն առաջնորդվում է պրագմատիկ հաշվարկներով և չի նախատեսում հավելյալ այցեր անել այս կամ այն երկիր, եթե կոնկրետ առաջարկ ու օգուտ չունենա այդ այցից։ Եվ ուրեմն՝ կարող ենք ենթադրել, որ դավոսյան հանդիպումների ընթացքում Կարապետյանը պետք է ձեռք բերի այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կարճ ժամանակ հետո նկատելի կլինեն։ Այսինքն՝ մոտ ապագայում աշխատանքային այցից հետո Հայաստանում պետք է որ սկսվի ներդրումային լայն բում․ դա է բխում վարչապետի հայտարարություններից։ Սակայն եկեք մենք ավելի ռացիոնալ դատենք, շատ ավելի ռացիոնալ, քան վարչապետը, որովհետև զգում ենք, որ այս հանդիպումից հետո դժվար է առարկայական արդյունք ակնկալել։ Նախ՝ այցն աշխատանքային է, որի ընթացքում միգուցե որոշակի պայմանավորվածություններ իսկապես ձեռք բերվեն կառավարության ղեկավարի հետ, սակայն օտարերկրյա ներդրողների համար այդքան հեշտ չէ միանգամից բառերին հավատալով գալ ու Հայաստանում բիզնես դնել, որովհետև յուրաքանչյուր ներդրող նախևառաջ ուսումնասիրում է տվյալ երկրի տնտեսական, քաղաքական իրավիճակը, հարաբերությունները հարևանների հետ, ներդրումային միջավայրն ու մոնոպոլիաների առկայությունը։ Հայաստանը նշված կետերից բավարար չափով թերանում է գրեթե յուրաքանչյուրում, ուստի միայն խոսքով Հայաստան ներդրում բերելու տարբերակը կարելի է բացառել ի սկզբանե։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: