Երեխա լույս աշխարհ բերելը մեծ պարգև է յուրաքանչյուր կնոջ համար, սակայն, դժբախտաբար, որոշ կանայք իրենց առողջական վիճակի պատճառով չեն կարող երեխա ունենալ։ Այդպիսի առողջական խնդիր ուներ նաև ամերիկուհի Մելին Սթենբերգը, ով, չնայած իր անպտղությանը, միշտ երազում էր երեխաներ ունենալ։
Մեկ տարի առաջ Սթենբերգը դարձավ աշխարհում առաջին կինը, ով լույս աշխարհ բերեց փոխպատվաստված արգանդում սաղմնավորված երեխայի։ Վինսենթը՝ նրա երեխան, ապշեցրեց բոլոր բժիշկներին։

Տարիներ շարունակ պայքարելուց հետո 37-ամյա Սթենբերգը հանձնվել էր ու համակերպվել այն մտքի հետ, որ երբեք չի կարող երեխա լույս աշխարհ բերել։ Նա ընդամենը 15 տարեկան էր, երբ բժիշկներն ասացին, որ նա արգանդ չունի։
«Ես պատրաստ չէի բժիշկների կողմից լսելու այդ խոսքերը։ Ախր ինչպե՞ս կարող էի ի ծնե զրկված լինել մայրանալու հնարավորությունից այն դեպքում, երբ բոլոր կանայք հենց երեխաներ լույս աշխարհ բերելու ունակության համար են կոչվում կին։ Կյանքն այնքան անարդար էր թվում։ Միշտ խելագարվել եմ երեխաների համար ու ցանկանում էի հասկանալ՝ ինչի՞ համար այդպես եղավ, արդյոք արժանի՞ էի դրան»,- պատմում է Սթենբերգը։

Նա արդեն համակերպվել էր այդ մտքի հետ, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեց 40-ամյա Նիլսոնին՝ իր ապագա ամուսնուն։ Եթե Սթենբերգն արդեն հանձնվել էր, Նիլսոնը դեռ նոր էր սկսում պայքարը։ Նրանք միասին սկսեցին երեխա ունենալու այլընտրանքային տարբերակներ փնտրել։ Փոխնակ մոր, ինչպես նաև որդեգրելու հնարավորություններն ուսումնասիրելուց հետո նրանք որոշեցին համարձակ քայլ անել։
Գոթենբուրգի համալսարանը հայտարարություն էր տարածել, որ փնտրում են կամավորների, ովքեր կմասնակցեն գիտաբժշկական փորձի՝ արգանդի փոխպատվաստման վիրահատության։ Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնեց 9 կին, որոնցից մեկն էլ Սթենբերգն էր։

Արգանդի փոխպատվաստման վիրահատությունից որոշ ժամանակ անց Սթենբերգը վերջապես կարողացավ հղիանալ։ Բարեբախտաբար, ողջ հղիությունը բարեհաջող անցավ, իսկ երեխան լույս աշխարհ եկավ նախատեսվածից 2 ամիս շուտ։ Բժիշկները միաժամանակ զարմացել ու հրճվել էին․ նորածին երեխան առողջ էր՝ առանց լուրջ խնդիրների։

Երեխան, ում Նիլսոնն ու Սթենբերգն անվանեցին Վինսենթ, վերջերս դարձավ 1 տարեկան։ «Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ։ Ավելին չեմ ուզում, Վինսենթը բավական է ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը զգալու համար»,- ասում է Սթենբերգը։


Մինչ այսօր արգանդի փոխպատվաստման շնորհիվ ևս չորս առողջ երեխա է ծնվել։ Բժիշկները հույս ունեն, որ կարճ ժամանակում կկարողանան այս մեթոդն այնքան զարգացնել, որ ցանկացած կին, անկախ առողջական խնդիրներից, կարողանա երեխա լույս աշխարհ բերել։



