Ամբողջ աշխարհին հայտնի ռուսական «Մատրյոշկան» կապված է նշանավոր արդյունաբերող և արվեստների երկրպագու Սավվա Մամոնտովի կնոջ՝ Ելիզավետա Մամոնտովայի անվան հետ:
Ե. Մամոնտովան ուներ խաղալիքների խանութ: Նա էլ հենց առաջարկեց միմյանց մեջ հագնող փայտե տիկնիկներ պատրաստել գեղջկուհու պատկերով: Տիկնիկը կարմրափայտից պատրաստեց փայտագործ Զվյոզդոչկինը, նախշազարդեց նկարիչ Միլյուտինը: Երբ տիկնիկը ցուցադրվեց, գնահատողներից մեկը բացականչեց. «Իսկական Մատրյոնա է»:
Այսպես տիկնիկն ստացավ իր անունը, որը մինչև հիմա էլ պահպանվում է:
1890 թվականից սկսվեց «Մատրյոշկաների» մասսայական արտադրությունը:
1904 թվականին Փարիզում անցկացված տնայնագործական արվեստների միջազգային ցուցահանդեսում «Մատրյոշկան» ստացավ ոսկե մեդալ: Սովորաբար իրար մեջ դրվող «Մատրյոշկաները» լինում են 12 հատ, իսկ «Էքսպո-70»-ում, որ անցկացվեց Ճապոնիայում, պատրաստվեց հատուկ նմուշ: Մեկ մետրանոց «Մատրյոշկան» իր մեջ տեղավորել էր 70 տիկնիկ, և նրանցից յուրաքանչյուրը գրավում էր հանդիսատեսների ուշադրությունն իր աննկարագրելի գեղեցկությամբ և գունեղությամբ: