«Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով առաջարկվող փոփոխություններով` այլևս չեն սպասարկվի մայրաքաղաքի մոտակա գյուղերը:
 
Առայժմ գործող երթուղային ցանցով Երևանի որոշ երթուղիներ հասնում են մինչև այդպիսի մի քանի բնակավայրեր, օրինակ՝ Ջրվեժ, Հաղթանակ, Նորագյուղ, Առինջ, Քասախ, Արգավանդ, Փարաքար, Զովունի: Մոտ ապագայում, սակայն, երբ նոր ցանցը գործարկվի, պատկան մարմիններն այդ գյուղերում ապրողներին պետք է Երևան հասնելու և Երևանից վերադառնալու այլ տարբերակներ առաջարկեն:
 
«Երթուղային ցանցը նախագծվել է Երևան քաղաքի վարչական տարածքի համար: Դա ունի իր պատճառները, որոնցից մի քանիսը ուղղակի թվարկեմ. Երևանից դուրս ուղևորահոսքերի ծավալը, ինչպես տեղյակ եք, էապես տարբերվում է, և այդ առումով սակավ ուղևորահոսք ունեցող ուղղություններով երթուղիների շահագործումը կարող է հանգեցնել էական ծախսերի ավելացման և սակագնի վրա ազդեցություն ունենալ: Երևանի վարչական տարածքից դուրս որոշ տեղերում բացակայում է լիարժեք ճանապարհափողոցային ցանցը, որը կապահովեր նոր տրանսպորտային տեսակների շահագործման համար անհրաժեշտ պայմանները: Նաև Երևանի վարչական տարածքից դուրս երթուղիների պարագայում կառաջանան անարդյունավետ ծախսերի առաջացման ռիսկեր: Այս տրամաբանությունը հաշվի առնելիս՝ հիմք է ընդունվել միջազգային փորձը»,- Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հունվարի 18-ի նիստում ասել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
 
Նա նկատել է, որ դեռևս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչև կեսգիշեր՝ 24:00-ն: Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181: Աշխատանքային խումբը, սակայն, դեռ պետք է քննի դրա նպատակահարմարությունը՝ տեղում ուսումնասիրություններ անելու ճանապարհով: Բրիտանական խորհրդատու կազմակերպությունն, ըստ Նիկոյանի, նաև առաջարկել է առկա կանգառներից շատերի տեղափոխություն ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ նորմատիվներին համապատասխանության:
 
Գործող ցանցով ուղևորների 94 տոկոսը երթևեկում է առանց տեղփոխի, այսինքն՝ Ա կետից Բ կետ հասնելու համար տրանսպորտ չի փոխում: Երթուղային նոր ցանցի դեպքում, խորհրդատուի առաջարկությամբ, երթևեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթևեկողների 10 տոկոսի դեպքում տեղփոխը կլինի երկուսը, այսինքն՝ երեք տրասնպորտ: 3 տեղփոխի կամ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղևորների 3 տոկոսը:
 
«Բայց կարծում եմ՝ լավ ցուցանիշ է, որ ուղևորների 49 տոկոսը շարունակելու է երթևեկել առանց տեղփոխի»,- աշխատանքային խմբի նիստի ժամանակ նշել է քաղաքապետի տեղակալը և ավելացրել. «Արդյունավետ ցանցը, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում, ենթադրում է պարտադիր տեղփոխերի առկայություն: Կարևոր եմ համարում նշել, որ տեղփոխերի նախատեսումը ոչ միայն նոր համակարգի, այլ նաև նոր մշակույթի ներդրման հարց է, որը թույլ է տալու ապահովել նաև արագ և ապահով տեղաշարժ»:
 
Նոր երթուղային ցանցով Երևանում գործող երթուղիների քանակը կլինի 42-ը՝ գործող 115-ի փոխարեն: Նոր ցանցի 11 հիմնական երթուղիները սպասարկելու են գլխավորապես մեծ տեղատարողություն ունեցող ավտոբուսներ, հիմնական երթուղիները սնուցող 30 օժանդակ գծերը սպասարկվելու են միջին չափսի ավտոբուսներով, և ըստ էության գործելու են տրոլեյբուսային 5 երթուղիներ: 42-րդ երթուղին դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճեպընթացն է: Տրոլեյբուսների մի մասը կվերազինվի և կվերականգնվի, մնացածի փոխարեն ձեռք կբերվեն նորերը:
 
«11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով: Դրանց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը 150 ուղևոր: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղևոր»,- մանրամասնել է Երևանի փոխքաղաքապետը: Նոր մոդելի կիրառման համար գործելու է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ: Ներդրվելու են էլեկտրոնային չվացուցակների հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն՝ ժամանակից տեխնիկական միջոցներով:
 
Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատանքի հաճախականությանը, ապա նախատեսվում է հետևյալը՝ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաև 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Մնացած ժամերին, որոնք պիկ ժամեր են համարվել, տրանսպորտային միջոցները կանգառին կմոտնենան 5 րոպե պարբերականությամբ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել