Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին նման թվեր են ներկայացրել նախարարություն այցի ընթացքում: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով, կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
Ներկայացված ցուցանիշներին վարչապետն արձագանքել է. «Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այդ այն գերակատարել ենք, անպայմանայդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի առջև, որն ԱԺ-ում հաստատվել է»:
Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ 2018 թվականի համար չափազանց կոշտ դիտարկել ծախսերը.
«2017թ. մենք ցուցաբերել ենք կոշտություն, բայց հիմա ոլորտային հաշվետվությունները լսելիս, բոլոր այն նախարարություններում, որտեղ եղել եմ, կախված ոլորտի առանձնահատկությունից՝ մի միավորի գների նվազեցումը կազմում է 15-23 տոկոս: Մենք շատ կոշտ պետք է դրան հետևենք»:
Անդրադառնալով պետական ապարատի ծախսերի կրճատման խնդրին՝ վարչապետը նշել է, այն ավելի մեծ է, քան պետք է լինի, բայց այդ մեծությամբ հանդերձ պետական կառավարման մակարդակը լավագույնը չէ:
«Պետական ապարատի կրճատումը, ոչ լավագույն մասնագետներով համալրումը կառավարումը չի լավացնի: Լավ մասնագետներին շուկայից բերելը թանկ է, խնդիր է, որը մինչև չլուծենք, չենք ունենալու լավ կառավարում, և դրա համար մենք պետք է ունենանք ստրատեգիա: Մենք Տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների բազայի վրա փորձնական ծրագիր ենք անում, որի արդյունքները այս եռամսյակի վերջ կունենանք, և եթե այդ բանաձևն աշխատի, պետք է նման ձևով տարածենք մնացած նախարարությունների վրա», - նշել է վարչապետը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական բերենք, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»: