Օրերս մի շատ կարևոր իրադարձության մասին հայտնեց ծանոթներիցս մեկը. խոսքը իմ հայրենի Օձունում գտնվող 4-րդ դարում կառուցված մահարձան-կոթողի վերականգնման մասին է:
Օձունի կոթող-մահարձանը գտնվում է Օձունի տաճարից տասը մետր հյուսիս։ Գլխավոր ճակատով ուղղված է արևմուտք։ Հուշարձանն արևմտյան կողմից ունի աստիճաններ։ Կոթողը մասնագետները թվագրում են չորրորդ դարի վերջից մինչև վեցերոդ դար։ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանի հիշատակության համաձայն՝ կոթողի տակ է ամփոփված Դվինում նահատակված Սմբատ Բագրատունու աճյունը։
Վաղ միջնադարում նման պատկերաքանդակներով կոթողներ շատ են եղել, բայց մուսուլման մոլեռանդների կողմից ոչնչացվել են։ Այս պատկերագրումները մինչև գրերի գյուտը լայն տարածում են ունեցել Հայկական լեռնաշխարհում։
Գրերի գյուտից հետո նման կոթողների կերտումն անարդյուավետ էր, քանի որ մագաղաթի վրա գրելն ավելի դյուրին էր։
Ներկայացված նկարից ակնհայտ է դառնում, որ կոթողն ունեցել է ևս մեկ հարկ, որից այժմ պահպանվել են միայն քառակողմ երեք սյուների պատվանդաններն ու դրանց վրայի սյուների ներքևի հատվածները։
Բարձր պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք կամարակապ մույթերի բացվածքներից ամեն մեկում մեկ քառակողմ սյունանման օբելիսկ կա։ Օբելիսկներն ունեն չորս մետրից ավելի բարձրություն։ Քառակողմ սյուները բոլոր կողմերից քանդակազարդ են։ Դրանք ավետարանական թեմաներով տեսարաններ են՝ Ավետում, Մկրտություն, Տասներկու առաքյալները և այլն։ Ուշագրավ են Հռիփսիմեի տաճար տեղում եղած վկայարանի մանրակերտը, զինվորական սրբերի քանդակներն ու ամբողջական հասակով իշխանների և իշխանուհիների հարթաքանդակները։
Կոթողը շատ զբոսաշրջիկների է հիացմումք պատճառում, այդ թվում մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին, ով իր ծնունդին նվեր ստացած դրամով «ԱՅԳ» հիմնադրամի միջոցով պատրաստվում է կոթողի ամրակայման և պահպանման սուրբ գործով անձամբ զբաղվել։
Հ.գ. Որքանով տեղյակ եմ, կոթողը եկեղեցով հանդերձ հավանաբար մոտ ապագայում կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։