1808 թվականի սեպտեմբերի 30-ին՝ առավոտյան ժամը 9-ին, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի ներսում մեծ հրդեհ է բռնկվում: Հրդեհից հետո տերության հրովարտակով հույները, զրպարտելով հայերին, կազմակերպեցին և Քրիստոսի սուրբ գերեզմանի վրա պատարագելու իրավունք ստացան: Զաքարիա վարդապետը (ապա պատրիարք Երուսաղեմի առաքելահաստատ Ս. Աթոռի) 1829 թվականին, քաջալերվելով Սուլթան Մահմուդի բարյացկամությունից ու արդարասիրությունից, խորհրդակցում է Միքայել Փիշմիշյան ամիրայի հետ, ու աղերսագրով խնդրում է, որպեսզի հայերին ևս Քրիստոսի սուրբ գերեզմանի վրա վերստին պատարագելու իրավունք շնորհվի, որին շատ տարիներ հետո Ֆրանչիսկյան կրոնավորները տիրացել էին:
Սուլթանը չի զլանում այս շնորհն անել հայերին՝ անհունորեն շնորհապարտ ու երախտագետ թողելով նրանց: Կայսերական հրովարտակը տրվում է 1829 թվականի մայիսին: Գերեզմանի վրա զետեղվում են անհրաժեշտ սպասքներ, պատկերներ, որից հետո սեպտեմբերի 3-ին հայերն առաջին անգամ աստվածային խորհուրդը մատուցում են սուրբ գերեզմանի վրա, իսկ այդ օրվա պատարագիչն էր Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին:
Այս հիշատակարանը նվիրված է վերստին պատարագելու իրավունք ստանալուն և մեծահանդես տոներին, երբ պատարագը մատուցվում է Քրիստոսի սուրբ գերեզմանի վրա, այն զետեղվում է գերեզմանի նախասրահում գտնվող հրեշտակի քարի վրա, ապա պատարագի վերջում թափորով շրջում են սուրբ գերեզմանի շուրջ:
Հիշատակարանը կրում է հետևյալ գրությունը. «Յիշեա՛ Տէր և զհոգիս ամենայն ննջեցելոց օրհնեալ ազգիս հայոց և զայնոսիկ՝ և զհոգիս ծնողաց, որք փափագանօք տնօրինեցին ի վերայ սուրբ գերեզմանիդ զպաշտօն անմահ պատարագիդ և հան մասն և բաժին՝ երախտաւորաց, պտղատուից և սպասաւորաց պահեա՛ ամենայն փորձութեանց: 1829»: