Գազելների մի քանի երթուղիներ այսօր գործադուլ են հայտարարել։ Պարզ է, որ կազմակերպիչները գծատերերն են։ Պարզ է, որ միանգամից բաց տեքստով չեն ասում, որ փորացավն ուղեվարձի թանկացումն է, ու միայն առերևույթ մասն է գազի սակագնի բարձրացման հիմնախնդիրը։ Իրականում սա հետախուզում է մարտով, ինչպես կասեին զինվորականները։ Այս միջոցով գծատերերը պարարտ հող կարող են շոշափել՝ տրանսպորտի սակագին բարձրացնելու համար։
Գազի սակագինն իհարկե շոշափելի հարված է, բայց գծատերերի փորն իզուր է ցավում։ Նախորդ թանկացման ձախողված փորձի ժամանակ բազմիցս է հիմնավորվել, թե ինչու չի կարելի թանկացնել երթուղային սակագինը՝ առանց արմատական փոփոխությունների։ Չվերհիշեմ ու չկրկնեմ բոլոր փաստարկները, բայց գծատերերի եկամտաբերության վրա գազի թանկացումից ոչ պակաս ազդում է վատ կանոնակարգված երթուղիների գործոնը, երբ գրեթե միևնույն երթուղին դուբլյաժ են անում մի քանի գծեր։ Առհասարակ, եկամտաբերության վրա ազդող հիմնական գործոնը հենց այ քաոտիկ բարդակն ու անհասկանալի կառուցվածքն է, որն առկա է Երևանի տրանսպորտային ցանցում։
Գիտենք նաև, որ հիմա մշակման փուլում է գտնվում ցանցի արմատական ռեֆորմի ծրագիրը, երբ այն ունիֆիկացվելու է, սակագինը դիվերսիֆիկացվելու, իսկ գազելներն ասպարեզից հանվելու են։ Վստահ եմ, որ եթե ողջամիտ ծրագիր մշակվի ու դրա շրջանակներում գնի փոփոխությունն էլ լինի այնքան համաչափ, որ գին-որակ չափորոշիչը չտուժի, ապա մարդիկ միանգամայն նորմալ կվերաբերվեն սակագնի թանկացմանը։ Բայց մարդիկ երբեք ու ոչ մի պարագայում նորմալ չեն վերաբերվի ու չեն հանդուրժի փլատակ գազելների ուղեվարձի թանկացումը, թեկուզ գազը դառնա մի փութ ոսկու գին։ Եկամտաբերությանը վնասող մյուս գործոնները թող լուծեն գծատերերը, նոր անցնեն սակագնային թանկացումների հարցին։