Հունվարի 13-ին Երուսաղեմում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կեսգիշերային զանգակահարությունը տեղի ունեցավ վանքի մեծ բակում, որտեղ հավաքվել էր սաղիմահայերի մեծ բազմություն: Հնչեցին Սրբոց Հակոբյանց մայր տաճարի մեծ զանգերը, որոնց ղողանջների ներքո Ժառանգավոր սաների կողմից «Փառք ի բարձունս» երգով ավետվեց ավանդական Նոր տարվա մուտքը:
Հաջորդ օրն առավոտյան՝ հունվարի 14-ին, հին տոմարով՝ Նոր տարուն, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայր տաճարում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Պատարագիչն էր Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանը: Ընդունված սովորության համաձայն՝ Նոր տարվա պատարագիչ քահանան ժամօրհնողն է լինում: Պատարագից հետո միաբանությունը, ժառանգավոր սաները և սաղիմահայ ժողովուրդը Սուրբ աթոռի օրհներգ հանդիսացող «Օրհնեցեք» շարականի երգեցողությամբ թափորով բարձրացավ պատրիարքարան, ուր Սուրբ աթոռի գահակալ, Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան պատրիարք սրբազան հայրն օրհնված նարինջներ բաժանեց ներկաներին: