Ահա դարձյալ գարուն է, ապրիլ, և մենք ազգովի սգացինք Հայոց Մեծ Եղեռնի հերթական տարելիցը: Դարձյալ ջահերով երթեր եղան, սգո թափորները շարժվեցին դեպի Ցեղասպանության հուշահամալիրը, ամենուր օրվան հատուկ կարգախոսներ ասվեցին, Հայոց բոլոր եկեղեցիների զանգերը գույժ ազդարարեցին, կատարվեցին սգո արարողություններ, հնչեցվեցին հոգեհանգստի պատարագներ, Նահատակների Հոգիների համար մոմավառություններ ու խնկարկումներ կատարվեցին, դարձյալ ԱՄՆ նախագահները խույս տվեցին Genocide բառը արտասանելուց, ազգիս մեծամեծերը ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրի թեք գոգին, ժապավենն ուղղեցին, երկու քայլ ետ արեցին, գլուխները խոնարհեցին, մի ակնթարթ կանգնած քարացան, ողջերին և նահատակներին էլ կարծես հասկացնելու համար, թե սրանից ավելին էլ ի՞նչ եք ուզում: Համազգային Սգո օր:
Մեկ և կես միլիոն մարդ` ազգիս 2/3-ը, սրի քաշվեց ընդամենը մեկ բանի համար: Նրանք հրաժարվում էին դավաճանել սեփական ինքնությանը և նահատակվեցին Հայ լինելուց և Քրիստոնեություն դավանելուց Չհրաժարվելու համար: Կանայք, մանկիկները գրկներին, նետվում էին Եփրատը՝ իրենց Ազգն ու Հավատը չպղծելու, թուրքին բաժին չդառնալու համար, Մարդ-մարդ մեռնելու և մարդ-կենդանու չվերածվելու համար: Այն դժնդակ ժամանակներում Անդրանիկի նման մարդիկ գյուղեգյուղ ընկած, ոսկով թրքերից մեկիկ-մեկիկ հայ մանկիկներ էին առնում և մի կերպ որբանոցներ հասցնում, քանզի հստակ գիտակցում էին Հայ տեսակի ֆիզիկական գոյության վտանգված լինելը:
Սակայն այսօր, միայն մեր մարմնավոր լինելիությունը գերկարևորածներս, նրանց կյանքի գնով պահպանած արժեքների` ՀԱՅ և ՔՐԻՍՏՈՆՅԱ լինելու տիեզերական առաքելության գոնե մասնակի կրողներն ենք արդյոք, թե նրանք նահատակվեցին ընդամենը մեկ օրվա` միայն Այս Օրվա` Ապրիլի 24-ի համար, որպեսզի մենք կարողանանք բոլորին ցույց տալ, թե ինչպես ազգովի սգալ գիտենք, ինչպես հարգել գիտենք մեր նահատակների հիշատակը` ջահերով, ծաղկեպսակներով, սև զգեստներով, սև ակնոցներով, սև…
Մեր մնացած օրերը, Այս Օրվան, Օր` երբ ազգովի, կարծես, բոլորս միաԲան ենք, Օր, երբ մեր բոլոր հեռուստաընկերությունները` Հ
Մեր պատմության ընթացքում Հայ ազգը երբեք այսքան անհույս վիճակում չի հայտնվել, ինչպես որ այսօր է: Մենք, որ հազարամյակներ շարունակ մարդկությանը Բան ենք տվել, այսօր շվարած ու գլխիկոր կանգնած ենք աշխարհների ճամփաբաժանին ու մի կտոր հացի փող ենք մուրում: Դժվարին ժամանակներ միշտ էլ եղել են, ավելին, դրանք պատմության ընթացքում մշտապես ուղեկցել են մեզ, և Հայ տեսակը կարողացել է ապրել ու հասնել այսօրվան, որովհետև ԱԶԳԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ պահպանման միջոցով ԱԶԳԻ գոյատևման, ՀԱՅ ՏԵՍԱԿԻ լինելիության խնդիրն ենթագիտակցորեն միշտ կարևորագույնն է եղել մեզ համար:
Սակայն այսօր, անտեսած Արարչի կողմից մեզ շնորհված քաղաքակրթական Առաքելության գոյությունը, կորցրած մեր բոլոր գլխավոր հոգևոր-բարոյական ուղենիշները, մտքներիցս հանած գերակայող բոլոր նպատակները, արհամարհած ազգի և պետության գոյության համար անհրաժեշտ կարևորագույն գաղափարները, մենք, անսալով մեզ որպես առաջնորդներ ներկայացած քաղաքական տարանուն թուլանդամներին, հարաշարժ «առաջ» գնալով, վեր ենք ածվել անդեմ, մեզանից ոչինչ ներկայացնող «սպառողական հասարակության», որի միակ նպատակն ու երազանքը իր ֆիզիկական, մարմնավոր կարիքների բավարարումն է, անհագ ցանկությունների գոհացումն ու իր բարգավաճության աստիճանի բարձրացումը:
Այսօր, այս «սպառողական հասարակություն» կերտող գաղափարներին հակադրվող, որևէ ճշմարիտ ազգային, սակրալ, լուսավոր, մարդկանց գերող, իր հետևից տանող, նրանց համախմբող գերգաղափար մեջտեղներում չկա և չի էլ սպասվում, որ կլինի, որովհետև դրա գոյության անհրաժեշտության գիտակցումը մեզանում չկա: Ազգ, Հայրենիք, Ծննդավայր, Հայրենի Օջախ, հասկացությունները օտար, մեր «առաջընթացը» խոչընդոտող գաղափարներ են դարձած: Փաստորեն ստացվում է այնպես, որ Հայ լինելու և Աստծո Որդու ճշմարիտ հավատի կրողը լինելու գաղափարները, ինչի համար որ անցած դարասկզբին նահատակվեցին մեր քույրերն ու եղբայրները, այսօր շատ շատերիս մոտ եթե կան էլ, ապա վաղուց արդեն իրենց իրական բովանդակությունից զրկված, վեր են ածվել զուտ ձևի ու ձևականության, իմիտացիայի: Տեղի է ունեցել ողջ հանրության համընդհանուր դեգրադացում:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԵԼ ԵՆ ՀՈԳԵՊԵՍ, ՈՐԻՆ ԱՆՊԱՏՃԱՌ ՀԱՋՈՐԴՈՒՄ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՀԸ… Սա աքսիոմա է և այս մասին է պետք մտածել: Վաղը ուշ է լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=335376146587828&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել