Պարզվում է, որ բնապահպանության նախարարության կառուցվածքում աշխատող` Թափոնների եւ մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը, Բնապահպանական պետական տեսչությունը, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» եւ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ներն ու Վտանգավոր նյութերի եւ թափոնների քաղաքականության բաժինը չեն զբաղվում Հայաստանում առկա պոչամբարներով եւ այդ տարածքների խնդիրներով:
Ավելին, երբ փորձեցինք նշված մարմիններից տեղեկանալ, թե ով է զբաղվում այդ խնդիրներով, մեկը մյուսի վրա գցելով՝ պատճառաբանում էին, թե իրենք պոչամբարների հետ գործ չունեն:
Նախարարությունը միայն զբաղվում է կենցաղային եւ արտադրական թափոններով, իսկ թե այս դեպքում հանքարդյունաբերությունից առաջացած պոչերը թափոնների ո՞ր կատեգորիային պետք է դասել, «վայ»-մասնագետները բացատրություն չունեն:
Ուսումնասիրելով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից տրամադրված ՀՀ-ում լեռնահարստացուցիչ կոմբինատների պոչամբարների տեսակները եւ հիմնական ցուցանիշները՝ պարզեց, որ, իրոք, Հայաստանում առկա են 19 պոչամբարներ, որոնցից 9-ը՝ Սյունիքի, 7-ը` Լոռու, մեկական պոչամբարներ` Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում:
Առկա 19 պոչամբարների համար տրամադրված տարածքների մակերեսը ներկա պահին կազմում է ավելի քան 400 հա, որտեղ, ըստ նախագծվածի, պետք է կուտակվեն 530 մլն խմ պոչեր: Ավելին, ըստ պաշտոնական տեղեկատվության` 2011թ. օգոստոսի 1-ի դրությամբ, այդ ամբարներն արդեն լցված են 220 մլն խմ պոչերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել