«Քրեական հեղինակություն համարվող «Ճվճըվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի կինը՝ Սարգիս և Սերժ Վարդանյանների մայրը՝ տիկին Նարինեն, սթրեսի մեջ է:
Տիկին Նարինեն այս փուլում չի ցանկանում զրուցել լրագրողների հետ: «Ինքը հիմա շատ վատ վիճակում է»,-համենայնդեպս, այսպես մեզ փոխանցեց նրա հարսը՝ հունվարի 8-ի ողբերգական վթարի մասնակից Սարգիս Վարդանյանի կինը՝ Ռաֆայելան:
Հիշեցնենք, որ Նարինե Վարդանյանի երկու որդիներն էլ այժմ կալանքի տակ են՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում:
ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):
Դեպքի հանգամանքների և մեղավոր լինելու-չլինելու վերաբերյալ հարցերին Վարդանյանների ընտանիքը դեռ չի ցանկանում պատասխանել: Երեկ մեզ հաջողվեց զրուցել այժմ կալանքի տակ գտնվող Սարգիս Վարդանյանի կնոջ հետ:
Ռաֆայելան մեր հարցերին ի պատասխան միայն ասաց, որ ողբերգական վթարի օրը ամուսինն իր մոտ հիվանդանոցում է եղել: Ռաֆայելան հղի է, առաջնեկին են սպասում, և առողջական խնդիրների պատճառով «Էրերունի» ԲԿ-ում բուժում էր ստանում. «Մենակ կարող եմ ասել, որ ես իրեն այդ օրը ուղարկել եմ տուն, տանից ինձ շտապ բան պետք է բերեր, հիմա չեմ ուզում շատ մանրամասնել: Պետք է դա բերեր ինձ մոտ, և մենք իրար հետ մնայինք հիվանդանոցում: Չի հասցրել մտնել տուն, դեպքը եղել է»,- ասաց Ռաֆայելան:
Դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների Սարգիս Վարդանյանն այդ օրն ընկերների հետ հավաքույթի է եղել և խմիչք է օգտագործել, կինը պատասխանեց. «Դա սուտ է, նման բան չկա, հաստատ գիտեմ, որ ինքը խմիչք չի օգտագործել, ինձ մոտ է եղել»: Սարգիս և Սերժ Վարդանյանների մորական պապը հայտնի «Գազի Կոլյան» է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ: Կհաջողվի՞ արդյոք այս անգամ էլ ջրից չոր դուրս հանել թոռներին, դեռ հայտնի չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել