Այն ուսումնական հաստատությունները, որ գործում են «կաշառք-OK» մեթոդով, դատապարտված են կործանման: Քիչ առաջ զրուցում էի եղբորս հետ, ով ուսուցանում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երրորդ կուրսում: Նա ներկայացրեց մի իրավիճակ, որի մասին լսելիս անգամ ապշահար ես լինում: Նրան քննությունը չեն նշանակել, մի պարզ պատճառով` համապատասխան գումար (խոսքը ուսման վարձի մասին չէ, այլ կաշառքի) չէր մուծել: Մի քանի տասնյակ ուսանողներ մուծել են ու ստացել, իսկ նա և ևս մի քանիսը, ովքեր հրաժարվել են որևէ գումար տալուց, կտրվել են անձամբ ամբիոնի վարիչի կողմից, ընդ որում` իրավագիտության ամբիոնի: Մի մարդու, ով առաջինը պետք է պայքարեր կաշառակերության դեմ: Դասախոսը դրական է գնահատել եղբորս պատասխանը, սակայն ամբոնի վարիչը` ոչ:

Պարզվում է՝ այս բուհում կաշառակերությունը համատարած բնույթ է կրում: Ոչ միայն իրավագիտության, այլ գրեթե բոլոր ամբիոններում ուսանողներից գումար են պահանջում` գնահատականի դիմաց, իսկ չստանալով այն` միտումնավոր ցածր են նշանակում, քանի դեռ այդ գնահատականը չի սպառնացել ուսանողի հետագա ճակատագրին: Ուստի բուհից դուրս չմնալու համար շատերը կաշառք են տալիս: Սրա ամբողջ մեղավորը և՛ կոռուպցիայի մեջ ընդգրկված ուսանողներն են, և՛ դասախոսները: Բնականաբար, դասախոսների մեղավորությունն առավել ծանրակշիռ է: Հասկանալի պատճառներով չեմ գրել եղբորս անուն-ազգանունը և այլ տվյալներ: Կարծում եմ` նման բարձիթողի վիճակը միայն ու միայն վնաս է հասցնելու մեր կրթական համակարգին: Պարոն Աշոտյան, խնդրում եմ համապատասխան միջոցներ ձեռք առնել` կանխելու կոռուպցիոն դեպքերը և պատժելու կաշառակեր անձանց:
Սա ի գիտություն նաև ոստիկաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել