Հաղորդագրություն
Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրված բացասական ջերմաստիճանների հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի և Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի և խաղողի այգիների որոշ հատվածներ:
Ցրտահարությունների հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները:
Կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝
• կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները.
•բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել.
• ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ.

Խաղողի վնասված այգիներում՝
• վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը.
• ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով.
• այգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում.
• խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ.
Առաջարկվող միջոցառումների՝ սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից բարձր բերք ստանալու համար: 
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել