Ճվճըվ Արոյի որդու հետ կապված ՃՏՊ-ն, որի արդյունքում երկու ոստիկան զոհվեց, հետաքրքիր ընթացք է ստանում։ Երեկ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշում էր, որ ոստիկանությունը Սերժ և Սարգիս Վարդանյանների նկատմամբ բազմիցս կիրառել է սանկցիաներ, այսինքն՝ ձերբակալել է հստակ ժամկետներում ու, ըստ էության, շատ արագ բացահայտել է կատարված հանցագործությունը։ Իսկ թե ինչու են այդ մարդիկ պարբերական հաճախականությամբ վաղաժամ ազատ արձակվել քրեակատարողական հիմնարկներից, դա արդեն ոստիկանության պարզաբանման նյութ չէ․ այդ հարցերին պետք է պատախանի Հատուկ քննչական ծառայությունը։ Քանի որ նշված երկու անձինք նախկինում ոստիկանության կողմից որոնվել ու բերման են ենթարկվել տարբեր միջադեպերի հետ կապված ու հետագայում ստորագրության դիմաց ազատ են արձակվել, նրանց գործը հետագայում կարճվել է, կամ ընթացք չի տրվել։ Ոստիկանությունը նորից հետախուզել ու բերման է ենթարկել, սակայն գործը փոխանցել ՔԾ-ին, որն էլ կարճել է այն։ Այս անգամ նույնպես ոստիկանությունը շատ արագ բերման ենթարկեց Սարգիս Վարդանյանին, ով առանց վարորդական իրավունքի արագություն է գերազանցել ու դարձել երկու ոստիկանի մահվան պատճառ։ Հիմա, փաստորեն, բանը հասել է նրան, որ այդ երրտասարդների պարբերաբար ազատ արձակման համատեքստում է, որ այսօրինակ դեպք տեղի ունեցավ հենց ոստիկանական համակարգի աշխատողների հետ։ Իհարկե, զոհը զոհ է, կապ չունի՝ շարքային քաղաքացի է մահացել, թե ոստիկան, սակայն այս դեպքը գուցե իրավապահաներին ստիպի վերջապես տեղից շարժվել ու այսօրինակ հանցագործներին վերջապես ցույց տալ իրենց տեղը, իսկ նրանց իսկական տեղը բանտն է և վերջ։ Իրավապահ ասելով նկատի ունենք ոչ միայն ոստկանությանը, այլ՝ ՔԾ-ին, դատախազությանը, մի խոսքով՝ բոլորին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: