Հակոբոս Տյառնեղբայրն այն օղակն է, որ Ավետարանի սրբերին միացնում է «Գործք առաքելոցում» հիշված սրբերի հետ: Յուղաբեր կանանցով դուրս ենք գալիս Ավետարանի էջերից և Հակոբոսով մուտք գործում «Գործք առաքելոց»: Հակոբոսը թեև հիշված է Ավետարաններում, բայց ոչ որպես քրիստոնյա գործիչ, այլ իբրև Քրիստոսի «եղբայրներից» մեկը: Կոչվել է նաև «Փոքր Հակոբ» կա՛մ փոքրամարմին ու տարիքով փոքր լինելու պատճառով, կա՛մ, որ շատ հավանական է, հարաբերաբար Հակոբոս Զեբեդյանի, որ ծանոթ էր «Մեծ Հակոբոս» հորջորջմամբ:
Հակոբոսը հիշվում է իբրև նախնական եկեղեցու գլխավոր գործիչներից մեկը, որ մասնակցել է Երուսաղեմի առաքելական ժողովին (Գործք. ԺԵ 13):
Ավանդությունը Հակոբոսին ճանաչում է իբրև Երուսաղեմի մայր եկեղեցու առաջին եպիսկոպոս, ով Պողոս Առաքյալի հաստատմամբ (Գաղ. Բ 9) Պետրոսի և Հովհաննեսի հետ միասին առաջին քրիստոնեական եկեղեցու «սյուներից» մեկն էր համարվում:
Հակոբոս Տյառնեղբայրը հիշվել է նաև Հովսեփոս հրեա պատմիչի կողմից իբրև «արդար» մարդ․ այդ ածականը նրա վրա մնացել է իբրև մակդիր: Հայսմավուրքը հաստատում է, որ «Աստված օրհնեց և սրբացրեց նրան իր մոր որովայնից. գինի և օղի չխմեց Սամվելի նման, ոչ էլ շնչավոր՝ մսեղեն, որևէ բան կերավ, ոչ էլ մազերը կտրվեցին Սամսոնի պես... Եվ նրա ծնկներն ուղտի ծնկների պես կարծրացել էին հաճախակի ծնրադրությունից»:
Իր նահատակությունը մանրամասնորեն պատմվում է հին վկայաբանություններում, ուր ներկայացվում է, որ Հակոբոսը, քրիստոնյա լինելով հանդերձ, մեծ հարգանք էր վայելում նաև հրեաների մոտ՝ իր պատվիրանապահության և օրինապահության համար, ուստի մի օր էլ բռնադատեցին նրան, որպեսզի բարձրանա տաճարի աշտարակի վրա և այնտեղից Հիսուսի դեմ հայտարարություն անի, որպեսզի Նրա պատճառով ստեղծված երկվությունը վերանա իրենց ժողովրդի միջից: Հակոբոսը, սակայն, հայտարարեց «Հիսուսը Մեսիան է, Աստծու Որդին, որ այժմ նստած է Աստծու աջ կողմը և պիտի գա դատելու աշխարհը արդարությամբ»: Շատերը հավատքի եկան այս հայտարարությունից, իսկ ուրիշները վեր ելան ու Հակոբոսին աշտարակից վար նետեցին ու սկսան քարկոծել նրան, ի վերջո նրանցից մեկը մեծ փայտով փշրեց արդարի գլուխը, որ հոգին ավանդեց առ Աստված 62 թվականին:
Նահատակությունից հետո նրա մարմինը բերվել ու թաղվել է իր տան պարտեզում, ուր թաղված էր նաև Հակոբոս Առաքյալի գլուխը: Այս տան տեղում կառուցվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության մայր տաճարը, որ այս իսկ պատճառով կոչվում է «Սրբոց Հակոբյանց տաճար», այսինքն՝ «Սուրբ Հակոբների եկեղեցի»:
Հակոբոս Տյառնեղբոր հիշատակը կատարում ենք իբրև «Ավագ Տոներ»ի առաջինը Դավիթ մարգարեի հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անունները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: Հայ առաքելական եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ: