Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված և համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման դեմ: Այս օրերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ և օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաև մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին․ ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում և Սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, և ես վստահ եմ՝ մենք պայծառ ապագա ունենք:
Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես և բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները, այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունն իսպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է: