Ուշադրությամբ լսում էի Իսրայելի հետախուզության նախկին ղեկավարներից Յակով Կեդմիի հարցազրույցը Ստալինի մասին: Հարց է տալիս, թե արդյո՞ք հնարավոր էր այդ տարիների իրավիճակում, նման ժողովրդով ու մտավորականությամբ այլ կերպ վարվել, քան վարվեց Ստալինը: Դաժանությունն ինքնանպատակ չէր․ ուրիշ միջոց չէր գտել: Մի ժողովուրդ, որ ջախջախիչ մեծամասնությամբ կրթված չէր, ընդամենը մի քանի տասնյակ տարի առաջ էր դուրս եկել ճորտատիրական կարգերից, մտավորականություն, որ թքած ուներ նույն այդ ժողովրդի վրա, խոսում էր ֆրանսերեն ու գերմաներեն, և վերջապես, քաղաքական ղեկավարություն, որ ուղղակի չէր սիրում Ռուսաստանը՝ Տրոցկի, Բուխարին, Կամենև, Զինովև և այլք... Վրացի սեմինարիստը յուրովի սիրեց այդ երկիրն ու միլիոնավոր մարդկանց ճակատագրերի հաշվին ստեղծեց ինդուստրիալ, կենսունակ հասարակություն: Կարելի է համաձայվել կամ չընդունել Կեդմիի կարծիքը, բայց փաստ է, որ ցանկացած հասարակության ուղիղ հայելին է իշխանությունը, պետական կառավարման սյուները: Հայաստանն էլ ի վերջո, բացառություն չէ: Ի՞նչ ենք ուզում մենք, եվրոպական արժեքներին համապատասխան, զարգացած, բարձր ժողովրդավարություն ունեցող պետությո՞ւն: Բայց արդյո՞ք մենք՝ իբրև հասարակություն, կարող ենք նման պահանջարկ ձևավորել: Արդյո՞ք նույն հասարակությունը Հոկտեմբերյանում Նահապետ Գևորգյանի փոխարեն պատրաստ կլինի ընտրել վերջերս ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացած Չեքիջյանին, եթե անգամ նույն Չեքիջյանն էլ փող բաժանի, չնայած վայրի բան եմ ասում: Արդյո՞ք մեր մտավորականները մեր հասարակության անքակտելի մասը չեն: Տոտալ գողական ռոմանտիզմի ազդեցության տակ գտնվող, Հայաստանի անկախությունը ոչ մի բանի տեղ չդնող, քրեական մտածելակերպը բոլոր հնարավոր ինստիտուտներ տեղափոխող, ոստիկանությանը բողոքելը գործ տալ համարող, բանտերում վերադաստիարակվելու փոխարեն կրիմինալ արվեստի ակադեմիաներ բացող մեր իրականությունը պատրա՞ստ է ապրել բացարձակ ժողովրդավարական երկրում, կամ, առնվազն, ձգտել դրան: Ունենք այն, ինչ ունենք, և, վստահ եմ, որ խնդիրն անձերի մեջ չէ, խնդիրը հենց մեզանում է, եթե մենք փոխվելու պատրաստ չենք, էլիտան էլ մեզնից է էլի ծնվելու և մեզ հետ միասին յոլա է գնալու ուղիղ այնպես, ինչպես մենք ենք իրենից ուզում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: