Ավելի քան 1 դար է անցել այն բանից, երբ վիթխարի նավը, որն ուղերթ էր իրականացնում Սաութհեմփթոնից Նյու Յորք, խորտակվել է Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում։ Խորտակմանն առնչվող հետազոտությունները մինչ օրս չեն դադարում։ Բրիտանացի լրագրող Շենան Մելոնին ուսումնասիրել է «Տիտանիկի» պատմությունը 30 տարի և եկել սենսացիոն եզրակացության. նավաբեկության հիմնական պատճառը եղել է մոտ 2 շաբաթ շարունակված հրդեհը վառելիքի պահեստում։
Համաձայն պաշտոնական վարկածի՝ «Տիտանիկը» վթարվել է այն պատճառով, որ սառցակալած ջրերում ընթացել է չափազանց մեծ արագությամբ, և սառցաբեկորի հետ բախումից խուսափելն անհնարին է եղել։ Հարվածի հետևանքով վնասն այնքան մեծ է եղել, որ 3 ժամ անց նավը խորտակվել է։ Շենան Մելոնին կարծում է, որ սառցաբեկորը եղել է նավաբեկության գործոններից մեկը միայն։
Նավարկության մեկնարկից 10 օր առաջ արված լուսանկարների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում լրագրողը երեսպատման ներսի կողմում մրի հետքեր է նկատել։ Հենց այդ հատվածն էլ վնասվել է հարվածի արդյունքում։ Ինչպես հաստատում են մասնագետները, հրդեհը սկսվել էր Բելֆասթի նավաշինարանում արագության փորձարկումների ժամանակ։
Նավի տերերն իմացել են հրդեհի մասին, սակայն որոշել են ուղերթը չչեղարկել։
Լրագրողը եզրափակակում է, որ «Տիտանիկի» վախճանի հետևում կանգնած է 3 գործոն՝ սառույցը, կրակն ու հանցավոր անփութությունը։