Զարմանալի մարդիկ ենք հայերով։ Օրհասական խնդիրներն, ինչքան ուզես, բայց արի ու տես, որ հետտոնական Հայաստանի թիվ 1 քննարկման թեման այս օրերին Հայկ Մարությանն ու յուր «Սուպեր մամա 2»-ի՝ համացանցում ապօրինաբար հայտնվելն է։ Ու հիմա ողջ ֆեյսբուքահայությունը, մի քանի մասի բաժանված, ինչ ասես, չի ասում իրար ու Մարությանին։ Մի ճամբարը համարում է, որ մեծ ստորություն են արել Հայկի նկատմամբ՝ ֆիլմը համացանց դնելով․ հացին են վայիս եղել, գողություն են արել, փողն են կտրել և այլն։
Մյուս ճամբարը համարում է, որ Հայկ Մարությանին տեղն է, որ ինքը, պլագիատից ու էժանագին հումորներից բացի, ոչ մի բան չի արել իր ֆիլմերով։
Երրորդներն էլ շիվարած հետևում են այս լեզվակռիվներին, որովհետև մեծ հաշվով երկու ճամբարներն էլ հա՛մ ճիշտ են, հա՛մ սխալ։
Առաջին ճամբարը ճիշտ է գոնե այնքանով, որ գողությունը լավ բան չէ, տեսահենությունն էլ լավ բան չէ։ Ու կապ չունի, որ Հայկ Մարությանի համար դոշ ծեծող օգտատերը դույզն-ինչ չի տվայտվում, երբ համացանցով նայում է լրիվ նույն կերպ գողացված «Գահերի խաղի» հերթական սերիան։ Այս կոնտինգենտը սխալ է այնքանով, որ Հայկ Մարությանին սուրբ կով ու ազգային հերոս է դարձնում։
Երկրորդ ճամբարն էլ է ճիշտ, երբ ասում է, որ, ժողովուրդ ջան, իրականում բավականին զավեշտալի է Հայկոյին մատուցել որպես հայկական կինեմատոգրաֆի հանճար ու օրիգինալ սցենարների գիգանտ։ «Սուպեր մամայի» երկու մասերն էլ ամենասովորական պլագիատ են մի շարք ամերիկյան ֆիլմերից ու հատկապես «Թութսի» ու «Միսս Դաութֆայեր» արդեն կանոնիկ դարձած կինոնկարներից։ Ու որքանով տեղյակ եմ, Հայկ Մարությանը ոչ մի գրոշ չի տվել մտահղացման հեղինակներին, որ հիմա էլ ոմանք ցասումնալից խոսում են ուրիշի փողին վայիս լինելուց։ Սակայն Հայկոյին հրեշ սարքելու հարցում էլ սխալ են այս ճամբարի ներկայացուցիչները։ Մեծ հաշվով, Հայկոն իրեն պահում է այս շուկային լավ ծանոթ գրագետ բիզնեսմենի պես, և Հայկոյի մեղավորությունը չէ, որ հանրային պահանջարկը «Սուպեր մամա» է ուզում հենց այնպիսին, ինչպիսին որ այն կա, և ոչ բարձր արվեստ։ Հայկ Մարությանը չէ, որ ժողովրդական ճաշակ է ձևավորում։
Ըստ իս՝ իրականում ճշմարտությունը մեջտեղում է։ Հայկոյին կարելի է մեղադրել պլագիատի ու ցածր ճաշակ քարոզելու մեջ, սակայն Հայկ Մարությանին պետք է համալսարաններում ուսումնասիրեն որպես արդյունավետ փիառի հայկական գուրու։ Մարդն իր վիրտուալ կերպարով կարողանում է այնպիսի արշավներ անել, որ իր ֆիլմերը դառնում են սուպեր մասսայական։ Եվ եթե հանրության սիրտը շահելու համար պետք է ընդդիմադիր-ընդդիմադիր խաղալ, ինքը դա կանի։ Եթե պետք է, մի քիչ կբստրի էլ։ Օրինակ՝ երբ հայտարարել էր, որ «Սուպեր մամայի» երկրորդ սերիան նկարելու համար մեքենան էլ էր վաճառել, բայց համեստորեն մոռացել էր նշել, որ պարզապես շատ ավելի թանկ մեքենա էր ձեռք բերել անմիջապես հետո։ Սա իրականում հանճարեղ է, որովհետև ես դատում եմ մարդուն իր արած գործով ու գործի արդյունքով։ Հայկ Մարությանը ո՛չ ձեր մորաքրոջ որդին է, ո՛չ էլ ձեր պարտականը։ Նա պրոդյուսեր է և կինոարտադրող և որպես այդպիսին ունի երկու խնդիր՝ այնպես անել, որ իր ստեղծած ապրանքը պահանջարկ ունենա և եկամուտ ապահովի և այնպես անել, որ ինքը դրա համար ծափահարություններ ստանա։ Երկուսն էլ նրա մոտ ստացվում է, իսկ մնացածն արդեն էմոցիոնալ գնահատականներ են։
Նյութի աղբյուր՝ http://charachchi.blogspot.am/2018/01/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել