Հունվարի 6-ին Երուսաղեմի Առաքելական Ս. Աթոռը տոնեց Ս. Դավիթ Մարգարեի և Ս. Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալի տոնը, որ համարվում է Ս. Աթոռի տոներից մեկը: Դարերի խորքից գեղեցիկ ավանդույթ է առաջ եկել: Այս տոնին, Ամենապատիվ Պատրիարք Սրբազան Հայրը իբրև Երուսաղեմի առաքելահաստատ Ս. Աթոռի Գահակալ առավոտյան ժամերգության ժամանակ «Տէր յերկնից» շարականի երգեցողության ընթացքում զգեստավորվում է և Գրիգոր Շղթայակիր Պատրիարքի ասան ձեռքին «Փառք ի Բարձունս»-ի ժամանակ բարձրանում է Ս. Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալի, Երուսաղեմի առաջին Եպիսկոպոսապետի, Աթոռի պատվանդանին:
Ժամերգության ավարտին Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները, ապա ժառանգավոր սաները խոնարհվելով Պատրիարք Սրբազան Հորը համբուրեցին Ս. Խաչը և Պատրիարք Սրբազան Հօր Աջը՝ մաղթելով Սրբազան հորը երկար ու բեղմնավոր գործունեություն: Պատարագի ընթացքին՝ «Հայր Մեր»-ից առաջ, կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն Ս. Աթոռի հանգուցյալ պատրիարքների հոգիների հանգստության համար:
Հակոբոս Տյառնեղբոր հիշատակը կատարում ենք իբրև «Ավագ Տոներ»ի առաջինը Դավիթ մարգարեի հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի՝ ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ: