Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունը Սիդնեյում գրանցել է 47 աստիճան շոգ, ինչը հանդիսանում է վերջին մոտ 80 տարում ամենաբարձր ջերմաստիճանը։ Այս մասին հաղորդվում է Նոր Հարավային Ուելս նահանգի օդերևութաբանական բյուրոյի թվիթերյան էջում։
Վերջին անգամ նման ջերմաստիճան Սիդնեյում հաստատվել էր 1939 թվականին։
Իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են հրդեհի բարձր վտանգավորության մասին և լիարժեք արգելք սահմանել բարձր ջերմաստիճանային գոտիներում կրակ վառելու վրա։
Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, շոգի պատճառով մի քանի մարդ է հոսպիտալացվել։
Սիդնեյում թենիսի միջազգային մրցաշարի կազմակերպիչները ստիպված են եղել առավոտյան ժամը 10-ին դադարեցնել մրցույթը, քանի որ շոգը գերազանցել է 40 աստիճանը։
Շաբաթ օրը մի քանի հրդեհներ են գրանցվել Վիկտորյա և Հարավային Ավստրալիա նահանգներում։