Իջեւանում հունվարի 6-ին 55-ամյա տղամարդ է սպանվել: Ժամը 12:30-ի սահմաններում Իջեւանի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Սպանվածը 55-ամյա Կառլեն Մարկոսյանն է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ մահացած տղամարդը եղբոր, եղբոր որդիների և Իջևանի բնակիչ 21-ամյա Սեյրան Մատինյանի հետ հունվարի 6-ին ապօրինի որսով են զբաղվել Իջևանի Աղայա կոչվող անտառամասում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Իրավապահների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Սեյրան Մատինյանը հունվարի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին:
Նա ոստիկանություն է ներկայացրել իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ այն պատահաբար կրակվել է, որի հետևանքով էլ Կառլեն Մարկոսյանը վիրավորվել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: