Լայնամասշտաբ ցանկացած փոփոխությունների նկատմամբ հասարակական դիրքորոշումները հիմնականում բացասական են լինում: Բացառություն են կազմում այնպիսի համազգային կամքի դրսևորումների արդյունքում գրանցված փոփոխություններն, ինչպիսին, օրինակ, անկախ Հայաստանի հանրաքվեն էր: Այլ պարագաներում բացասական այդ վերաբերմունքը լինում է կառավարելի, երբ ունենում է ժամանակավոր բնույթ, և անկառավարելի, երբ դառնում է ժամանակակիցի, հայրենասիրության կամ խելամիտի պաթետիկ թրենդը:
ԵԱՏՄ պարագայում գործ ունենք անկառավարելի վերաբերմունքի հետ, և դրան նպաստեց հանրության հետ սխալ աշխատանքի, իսկ ավելի ճիշտ՝ աշխատանքի բացարձակ բացակայության փաստը:
Այսօր մենք ունենք ԵՄ հետ այնքան սպասված շրջանակային համաձայնագիրը, որի շուրջ աղմուկին ականատես ենք եղել տարիներ շարունակ, ինչը ծնել է այդ համաձայնագրից սպասումների շատ ավելի լայն հորիզոններ, քան իրականում պետք է: Եվ կրկին չկա հանրության հետ աշխատանքը, չկա բացատրությունը, չկա համաձայնագրի ճիշտ և լիարժեք ներկայացումն այն մասին, թե ինչ պետք է սպասել, ինչը՝ ոչ: Դրան էլ գումարած տարեսկզբյան թանկացումները, և հանրության մոտ կրկին առաջանում է հիասթափություն, այս անգամ՝ արդեն եվրոպական թևից:
Կարծում եմ՝ մեր պետությունը չպետք է բավարարվի հատուկենտ փորձագիտական հարթակների կողմից տրվող մեկնաբանություններով, որոնցից շատ քչերն են խորը և համապարփակ, և Եվրամիության հետ կնքած վերջին համաձայնագրի ճանաչողական տուր անցկացնի հանրության լայն շերտերի հետ։