Տարվա վերջին աշխատանքային օրն է։ Եվս երկու օր և բոլորս կդիմավորենք նոր` 2018 թվականը։ Անցնող տարվա դեպքերին կանդրադառնամ վաղը, իսկ հիմա մի քանի նկատառումներ վերջին տասնամյակներում բավականին մասսայական բնույթ ստացած «վիրուսի»` ահաբեկչության մասին:
Նախորդ դարավերջին ականատես եղանք մի շարք համաշխարհային իրադարձությունների՝ արքայադուստր Դիանայի մահից մինչև Ֆուտբոլի աշխարհի առաջնություն, նաև մի շարք այլ կատաղի և իրական իրադարձությունների, պատերազմների՝ ի դեմս ցեղասպանության: Սակայն չէր լինի համաշխարհային նշանակություն ունեցող և որևէ սիմվոլիկ իրադարձություն, ընդ որում՝ ոչ միայն բոլորին հայտնի դարձած, այլև այնպիսին, որն անհաջողության կմատներ ինքնին համաշխարհայնացմանը: 1990-ականներից ձգվող լճացումը «իրադարձությունների գործադուլ»-ն էր: 2001-ի սեպտեմբերի 11-ին գործադուլն ավարտվեց:
Պետք է խոստովանել, որ նյույորքյան ահաբեկչությամբ ծնվեց մի նոր ահաբեկչություն, մի նոր գործողության ձև, որը խաղ է խաղում ու իրեն վերագրում խաղի կանոնները` ավելի լավ այն խախտելու համար: Ոչ միայն այդ մարդիկ հավասար զենքերով չեն մարտնչում, քանզի գործի են դնում իրենց սեփական մահը, որին հնարավոր պատասխան չկա, այլև իրենց են վերագրել դոմինանտ ուժի բոլոր զենքերը` փողն ու բորսայական սպեկուլյացիան, տեղեկատվական տեխնոլոգիաները, ցուցադրական չափումներն ու լրատվական ցանցերը։ Այս ամբողջն ասիմիլացված է մոդեռնին ու համաշխարհայինին՝ չփոխելով ուղղությունը, ասել է թե` կործանումը:
Հայաստանում ահաբեկչական ակտ պոտենցիալ իրականացնողները շատ են՝ սկսած Ադրբեջանից, որի իշխանություններն օրեցօր կորցնում են ադեկվատությունը, վերջացրած «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման ներկայացուցիչներով, ում համար մենք ամենամոտ քրիստոնեական պետությունն ենք:
Հարևան Վրաստանում բոլոր հանրային կարևոր օբյեկտների մուտքի մոտ տեղադրված են, այսպես կոչված, մետաղադետեկտորներ: Վրաստանում նաև շատ լուրջ են վերաբերվում սահմանի անցակետերին, ուր ռենտգենային սարքերի միջոցով զննում են իրենց երկիր մտնող ցանկացած ուղեբեռ: Չնայած այս փաստին` անցնող ամիսներին բոլորս ականատես եղանք ահաբեկչական մի շարք գործողությունների փորձի հենց Թբիլիսիի կենտրոնական հատվածներում: Սա խոսում է այն մասին, որ անգամ նման պարագաներում ահաբեկչության վտանգը մշտական սպառնալիք է յուրաքանչյուր հասարակության համար:
Հայաստանում որևէ հանրային նշանակության օբյեկտի մուտքի մոտ չկա անվտանգության գոտի: Այդ կերպ հնարավոր է հանգիստ ռումբը ձեռքին մտնել, ասենք, Զվարթնոց օդակայան և պայթեցնել այն ժամանումների սրահում, ինչով ոչ միայն բազմաթիվ մարդկանց կսպանվեն, այլև լուրջ հարված կհասցվի ՀՀ հեղինակությանն ու տուրիզմին:
Անցնող տարում, ցավոք, ահաբեկչական խոշորածավալ գործողություններ տեղի ունեցան Իսպանիայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Պակիստանում:
Ի դեպ՝ օրեր առաջ ՀՀ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն իրականացնելու և մեր երկիր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը կանխելու մասին: 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը ՀՀ, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով: Հիշեցնեմ, որ օրերս կանխվեց Սանկտ Պետերբուգում ծրագրված լուրջ ահաբեկչություն:
Տոնական օրերը, որպես կանոն, այս առումով առանձին ուշադրության են արժանի, քանի որ դրանք մի տեսակ թուլացնում են հանրության զգոնությունը և լավ հնարավորություն են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, այնպես որ, այս չարիքից խուսափելու համար լուրջ զգոնություն և վերահսկողություն է պետք: