Նկարում պապս է՝ Գրիգոր Տիգրանի Ադիլյանը, ծնված 1915 թվականին, եղել է իր ծնողների (Տիգրան եւ Լյուսյա Ադիլյանների) անդրանիկ զավակը: 1915 թ. շատ հայերի ընտանիքների պես, պապիս ընտանիքի անդամներից շատերը դարձել են թուրքերի յաթաղանի զոհը միայն այն պատճառով, որ հայ էին: Պապիս գերդաստանից Եգիպտոսի մայրաքաղաք՝ Կահիրե, հասել են միայն պապս, երկու քույրերը, հայրն ու մայրը՝ գաղթի ճանապարհին թողնելով պապիս երկու հորեղբայրներին իրենց ընտանիքներով, նրանք դարձել էին վայրագ թուրքերի զոհերը: Տատս 1915 թ.-ին հղի է եղել ու հենց գաղթի ճանապարհին ծննդաբերել է՝ ունենալով արու զավակ՝ պապիս՝ Գրիգոր Ադիլյանին: Հիմա Եղեռնից 98 տարի է անցել, պապիկը վաղուց արդեն չկա, ես նրան չեմ էլ տեսել, նրա մասին գիտեմ միայն այն, ինչ մայրս է պատմել, բայց ամեն ապրիլի 24-ին մի նպատակով եմ արթնանում՝ իրականացնել նրա վաղեմի երազանքը՝ պապիս Կահիրեում ընտանիք է ունեցել՝ կին եւ մեկ զավակ: 1947 թ. պապս որոշում է վերադառնալ հայրենիք: Չգիտեմ՝ դա արյան կա՞նչն էր, թե՞ նրա քաղաքական կողմնորոշումների արդյունքը՝ նա եղել է Դաշնակցական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, իսկ այդ տարիներին մարդիկ չէին կարող իրենց քաղաքական կողմնորոշումների մասին բարձրաձայն խոսել, իսկ նա, ամեն կերպ օգտվելով պաշտոնի առավելությունից, փորձում էր բարձրացնել Հայերի ցեղասպանության հարցը բարձր ատյաններում: Այս էր պատճառը, որ նրան 1947թ. արտաքսեցին Եգիպտոսից: Երբ պապս որոշում է վերադառնալ, նրա կինը՝ Մերին, սկզբում համաձայնվում է պապիս հետ գալ Հայաստան, հետո հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ նա արաբ քրիստոնյա է, եւ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ նրան Հայաստանում վատ ընդունեն: Պապս Հայաստան է վերադառնում ծնողների հետ, փախցնելով որդուն՝ փորձում է իր հետ բերել, բայց նավ նստելուն պես ոստիկանները որդուն ձեռքից վերցնում են, ու նա առանց ընտանիքի վերադառնում է Հայաստան: Հայաստան վերադառնալուց մի քանի տարի անց պապս կազմում է իր երկրորդ ընտանիքը՝ ամուսնանալով տատիս՝ Սեդայի հետ, ունենում է երկու դուստր, մեկ տղա, սակայն տարիներն ու նոր ընտանիքի առկայությունը չեն կարողանում մոռացնել երկրագնդի մյուս կողմում թողած որդուն գտնելու երազանքի վերջին հույսերը: Պապս շատ է փնտրել որդուն, բայց ոչ մի բան նրա մասին չի պարզել, որդուն գտնելու բոլոր փորձերը ապարդյուն են եղել: Պապս մահացել է՝ այդպես էլ չտեսնելով որդուն, իսկ վերջին խնդրանքը եղել է, որ իր մահից հետո զավակները չդադարեն փնտրել որդուն, մայրս շատ է փնտրել, բայց նա էլ չի գտել: Հիմա տեխնիկան զարգացել է, կան սոցիալական ցանցեր, որոնց միջոցով գուցե ինձ բախտ վիճակվի գտնել նրան: Ստորեւ կներկայացնեմ տվյալներ նրա մասին, այն, ինչ այս տարիների ընթացքում պարզել ենք, խնդրում եմ՝ տարածեք այս նյութը, գուցե նրա երեխաները կամ հենց ինքը, եթե ողջ է, կարդա նամակս ու արձագանքի: Պապիս երազանքը հիմա ես եմ փորձում իրականացնել, եթե անգամ քեռին մահացած է, անշուշտ կունենա երեխաներ, գոնե նրանց գտնեմ ու մի օր պարզ ճակատով կանգնեմ պապիս գերեզմանի առաջ ու ասեմ՝ պապ ջան, գտել եմ, հիմա կարող ես խաղաղ ննջել երկնային թագավորությունում:
Նուբար Գրիգորի Ադիլյան: Կահիրեի Արաբ քրիստոնյա եկեղեցում գրանցված է 1945 թվականին ծնված Նուբար Գրիգորի Ադիլյանի կնունքը, նա սովորել եւ ավարտել է տեղի ճեմարանը: Պապիս եւ նրա կնոջ՝ Մերիի ամուսնությունը գրանցված է Կահիրեի հայկական եկեղեցում, այսքանն են նրա մասին տեղեկությունները: Կից ներկայացնում եմ պապիկիս ու նրա կնոջ՝ Մերիի նկարները Նուբարից, ցավոք նկարներ չեն պահպանվել….

Տիգրան Ադիլյան

Տիգրան ԱդիլյանԼյուսյա ԱԴԻԼՅԱՆ և Վարդուհի Ադիլյան

Պապիս կինը՝ Մարին, Նուբարի մայրը և Գրիգոր Ադիլյան

Գրիգոր Ադիլյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել