Իտալացի պատմաբանը Հայոց Եղեռնի մասին
Ջովաննի Գուայտա` նշանավոր իտալացի գիտնական, գրող, պատմաբան, լրագրող, այժմ հոգևորական Ռուս Ուղղափառ Եկեղեցում: Հեղինակել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի շարք գրքեր: Ստորև ներկայացված է նրա հեղինակած Հայոց Եղեռնի մասին «Ճիչ Արարատից» գրքի նախաբանից ուշագրավ հատված: Գիրքը լույս է տեսել 2005 թ.: Այս տարի Ջովաննի Գուայտան տպագրել է Եղեռնի մասին իր հեղինակած հերթական գիրքը:
Ինչո՞ւ այսքան տարի անց հիշել այդ սարսափելի իրադարձությունը: Ինչո՞ւ քրքրել անցյալը, վերականգնել, հիշողությամբ հարություն տալ մոլեռանդ, բարբարոս սպանության պատկերներին, ինչո՞ւ կարդալ անմարդկային տառապանքների նկարագրությունը, զննել հոգին սարսռեցնող լուսանկարները: Արդյո՞ք պետք է փորփրել այդ հին վերքերը: Ավելի լավ չէ՞ մոռացության մատնել համարյա հարյուրամյա վաղեմություն ունեցող տխուր իրադարձությունը: Եվ ամենագլխավորը, արդյո՞ք հայերը՝ որպես քրիստոնյա ազգ, մինչև վերջ ներելու են կորստի ցավը և ապրողների տառապանքը: Թե՞ նա, ով դավանում է Քրիստոսին, պետք է ների իրեն չարություն պատճառողին՝ ջնջելով իր մտքից և գլխավորը` սրտից, հիշողությունն անգամ նրա մասին: Նա, ով իրեն համարում է քրիստոնյա, աշխատում է նմանվել Քրիստոսին: Իսկ Քրիստոս իր մասին ասել է. «... չեկա աշխարհը դատապարտեմ, այլ որպեսզի փրկեմ աշխարհը» (Հովհ. 12:47): Նա հորդորում է Իր հետևորդներին. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք» (Մատթ. 7:1): Միաժամանակ Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոս ոչ միայն ներեց մեղավորներին, նաև խիստ դատապարտեց նրանց մեղքերը: Նա կանխազգացել էր Սուրբ Հոգու գալուստը, որը «...պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի և արդարության հարցում» (Հովհ. 16:8): Այդպես էլ պետք է վարվի քրիստոնյան` ներելով վիրավորանքները և չդատելով սխալվողներին, միաժամանակ երկիմաստորեն չմատնանշի իր և ուրիշների սխալները, նա կոչված է սիրելու մեղավորներին, սակայն ատելու հենց մեղքը: Համոզվել մեղքի առկայության մեջ` նույնը չէ, ինչ դատել: Սեփական մեղքերի գիտակցումը և ընդունումն Աստծո ու մերձավորների առաջ հենց ապաշխարումն է, որին սպասում է Փրկիչը յուրաքանչյուր մարդուց: Դրա համար հայտնաբերելով ու բացահայտելով մեղքերը, Եկեղեցին ապաշխարության և փրկության, կամ ինչպես Պողոս առաքյալն է ասում` «արդարանալու» համար պայմաններ է ստեղծում: Հետևաբար, քրիստոնյան առավել, քան ուրիշ մարդ կանչված է ճշգրիտ գնահատական տալու անցած իրադարձություններին, ճշմարիտ դատողություններ անելու պատմության մասին: Այդպիսին է նրա վեհ առաքելությունն Աստծո և մարդկանց առաջ: Հայերի սարսափելի ջարդի դատապարտումը` նրանց հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի առաջին քայլն է: Թուրքիայի կողմից այդ ահավոր իրադարձությունների ընդունումը կլինի «արդարացման» սկիզբ, այսինքն` Թուրքիայի քավությունը և ազատագրումն անցյալում գործած չարիքների ծանր բեռից: «Ճիշտ, իրավացիություն, արդարացիութուն, արդարացում» բառերը նույն արմատն ունեն: Ռուսերեն «Ճշմարտություն» բառն իր մեջ ընդգրկում է այդ բոլոր հասկացությունները: Զարմանալի է, որ անգամ ժամանակակից իրավունքի հիմնադիր հռոմեացիներն իրավունքի և ճշմատության մասին իրենց պատկերացումները միմյանց հետ չէին կապակցում: Մինչդեռ, իրավունքն առանց ճշմարտության չի լինում, չի կարող պետությունն իրավական լինել, եթե չի հարգում պատմական ճշմարտությունը: