Բայց հողը հիշողություն ունի, նրանում թաղված հոգիները հառաչում են դեռ, և այդ հառաչը խլացնել դուք այլևս երբեք չեք կարողանա:
Հայոց ցեղասպանությունը փաստող քիչ ֆիլմեր կան, բայց դրանց շարքում «Արտույտների ագարակը» յուրահատուկ տեղ է գրավում: Ի տարբերություն Անրի Վերնոյի «Մայրիկի» կամ Ատոմ Էգոյանի «Արարատի»՝ այստեղ գործողության ժամանակը միայն 1915 թիվն է: Սա դասական մեծ կտավ է, որտեղ հերոսների պատմությունները միահյուսված են, որտեղ կարելի է աստվածաշնչյան կերպարներ գտնել: Այս կերպարների մեջ կարելի է տեղավորել ոչ միայն հայ ժողովրդի, այլև դաժանությունների զոհ դարձած շատ այլ ժողովուրդների պատմություններ: Դրանով իսկ այն ունիվերսալ է: Այն կարող է հուզել յուրաքանչյուրին, և այդ ունիվերսալության ստեղծարարները Տավիանիներն են: «Արտույտների ագարակը» օգնության մեծ ժեստ էր՝ կրկին անգամ աշխարհին հիշեցնելու կատարվածի մասին: Եթե Տավիանիների մեջ թեկուզ մի կաթիլ հայի արյուն լիներ, ֆիլմը այսքան մեծ աղմուկ չէր բարձրացնի: Երբ օտարն է ահազանգում, փաստն այլ հնչեղություն է ստանում. նշանակում է՝ ամեն ինչ դեռ կորած չէ:
Պաոլոյին և Վիտտորիոյին եղեռնի պատմությամբ հուզելու համար պետք է երախտապարտ լինենք երկու հայ կանանց՝ Մելանիային՝ Տավիանիների մանկության դայակին, որը պատմել է փոքրիկներին հայոց ջարդերի մասին, և արձակագիր, գրականագետ Անտոնիա Արսլանին, որն իր նախնիների պատմությունը վերածել է Իտալիայում մեծ աղմուկ հանած ու մի քանի ամսվա ընթացքում ութ վերահրատարակություն ունեցած վեպի:
Հայ կինոյի պատմության մեջ հազվադեպ է շեշտը դրվել հայ կնոջ կերպարի վրա: Տավիանիների շնորհիվ ծնվեց մի կերպար, որը դարձավ հայ կնոջ խիզախության և կանացիության մարմնացումը: Համաշխարհային կինոյում իր կրքոտ ու ցանկալի կերպարներով հայտնի իսպանացի դերասանուհի Պաս Վեգան կարողացավ ստեղծել միամիտ, բայց համարձակ Նունիկին: Նունիկը հակասական կերպար է՝ ընդունակ զարմացնելու հանդիսատեսին: Հայ կնոջ ստերեոտիպային կերպարի մեջ գրեթե հակասություններ չկան: Մեր քարացած պատկերացումների մեջ բացառվում է մի քանի փաստ. hայ աղջիկը չի կարող սիրել թուրք երիտասարդի, hայ աղջիկը չի կարող իր հոր մահվան օրը հրճվել այն մտքից, որ հուղարկավորությանը կտեսնի իր թուրք սիրեցյալին, և վերջապես, հայ աղջիկը ինքնակամ չի տրվի անծանոթ թուրք տղայի, այն էլ այն թուրքին, որին չի սիրում:
Բայց հենց իր հակասություններով ու անակնկալներով է Նունիկն այսքան հմայիչ, հետաքրքիր ու գունեղ:
Թշնամուն սիրելու մեջ, այն էլ դարավոր թշնամուն, ինչ-որ անբացատրելի, գեղեցիկ բան կա: Սակայն դժվար թե դա կարելի է սեր կոչել: Դա սիրո մի ծիլ էր, որ չհասցրեց ծաղկել, չհասցրեց կայանալ: Ֆիլմում ցեղասպանության սարսափը հենց այնտեղ է, որ այն սպանում է նույնիսկ սիրո հայտնությունը: Իսկ Յուսուֆին տրվելը ուղղակի «գեղեցիկ» մեռնելու մի տարբերակ էր: Տեսնելով հայ կանանց հանդեպ կատարվող սարսափելի սեռական ոտնձգություններն ու չարագործությունները՝ Նունիկը միայն մի տարբերակ ուներ՝ թշնամու բանակում գտնել գոնե մի փրկօղակ` երեխաներին մի կտոր հաց ճարելու համար: Եվ ով գիտի, թե ինչքան այսպիսի հայ Նունիկներ են եղել, որոնց ապրումները մնացել են չբացահայտված և չշոշափված: Տավիանիները երբեք չեն իդեալականացնում իրենց կերպարներին, հակառակը՝ նրանք ցուցադրում են մարդկայինը՝ դրանով իսկ դարձնելով նրանց ավելի ճշմարտացի ու ավելի հուզիչ:
Շարունակությունն՝ այստեղ