Մաշտոցի այգու հետ կապված վերջերս մի դեպք տեղի ունեցավ, որի մասին անպայման ուզում եմ խոսել: Մարիամ Սուխուդյանը ֆեյսբուքի իրա պատին նկար էր դրել, որ բավական մեծ աղմուկ հանեց, երկար քննարկվեց ու ի վերջո, եթե ճիշտ եմ նկատել, պատից հանվեց: Նկարը երկու մասից էր, ձախ կողմում Մաշտոցի այգու «բուտիկներն» էին, աջում պատկերված էր մի տրանսվեստիտ: Նկարի տակ մակագրություն կար` «Ոչ բուտիկներին, ոչ պուպսիկներին»:
Ի՞նչ էր նշանակում էս նկարը եւ ինչո՞ւ դրվեց, ինչո՞ւ հանվեց:
Գիտակցված թե ոչ, էս նկարը փորձ էր` հաստատելու էն մոդելը, որը հանրությունը հավաքում ա բացառման սկզբունքով` հավաքում ա «լավերին»` բացառելով «վատերին»: «Ոչ բուտիկներին, ոչ պուպսիկներին»-ը շատ հանգիստ կարող էր լինել սովետական պլակատ` ընդդեմ բուրժուաների եւ բուրժուական այլասերվածության: Սա քաջ հայտնի դասակարգային-սոցիալական բարոյախոսությունն ա, որը սեւն ու սպիտակը (կամ` կարմիրն ու սեւը, կամ` կարմիրն ու սպիտակը, կարեւոր չի) բաժանում ա սոցիալական սկզբունքով: Հայաստանում շատ տարածված ա նաեւ «ազգային» բարոյախոսության հիմքի վրա մարդկանց «մենք»-ի միջից բացառելը: Սա գոռթամազյանական հայտնի սկզբունքն ա` ով անբարոյական ա, ուրեմն հայ չի: Գոռ Թամազյանի դեպքում էս սկզբունքը ներկայանում ա որպես ծաղրանկար, ու ծաղրանկարը մեզ խանգարում ա նկատել, որ բուն սկզբունքը բոլորովին էլ մարգինալ չի հայերիս մի զգալի մասի գիտակցության մեջ, ճիշտ հակառակը` շատ հնուց եկող ու եւ «ազգային» համարվելու արդյունքում` մեծաքանակ հետեւորդներ ունեցող սկզբունք ա:
Փորձեմ ավելի հստակ դարձնել ասածս: Կա հանրությունը հավաքելու երկու հիմնական սկզբունք` մեկը բացառող սկզբունքն ա, մյուսը ներառող սկզբունքը: Բացառող սկզբունքի դեպքում գծում ես շրջան` որպես դրա կենտրոն ունենալով որեւէ գաղափարա-բարոյախոսական չափանիշ, եւ չափանիշինհամապատասխանողներին հավաքում ես դրա շուրջ, իսկ չհամապատասխանողներին դուրս ես թողնում շրջանակից: Ներառող սկզբունքը էն ա, երբ հնարավոր բոլոր շրջանները կապում ես իրար` հասարակական պայմանագրով` որեւէ ընդհանուր նպատակի շուրջ: Սովետական Միությունը, օրինակ, կառուցված էր առաջին սկզբունքով` կոմունիստական գաղափարա-սոցիալա-բարոյական չափանիշներին չհամապատասխանողները ժամանակին ոչ թե պարզապես դուրս էին թողնվել հասարակությունից, այլ դուրս էին շպրտվել կյանքից` գնդակահարությամբ կամ այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետությունը, սահմանադրորեն, կառուցված ա երկրորդ սկզբունքով, ՀՀ Սահմանադրության 15 հոդվածն ասում ա` «Քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները»:
Մաշտոցի այգու համար պայքարը պայքար ա ` հանուն հանրային տարածքի պաշտպանության: «Ոչ բուտիկներին» կարգախոսի մեջ կա էտ տրամաբանությունը, քանի որ խոսքը էն կոնկրետ բուտիկների մասին ա, որոնց տեղադրումով` Մաշտոցի այգին , կամ գոնե դրա մի մասը, դադարում ա լինել հանրային տարածք: Իսկ »ոչ պուպսիկներին» կարգախոսի մեջ էտ տրամաբանությունը չկա, քանի որ «պուպսիկը», տվյալ դեպքում` նկարում պատկերված տրանսվեստիտը, Հայաստանի քաղաքացի ա, որին ոչ ոք իրավունք չունի արգելելու` կանգնել հանրային տարածքում:
Հայաստանցիների մի ոչ փոքր մասը մինչեւ հիմա էնքան էլ լավ չի հասկանում, թե ինչու եվրոպացիները էտքան մեծ կարեւորություն են տալիս տարբեր փոքրամասնությունների, էտ թվում` սեռական փոքրամասնությունների իրավունքներին: Շատ հարմար առիթ ա` փորձեմ իմ կարծիքը սրա մասին արտահայտել: Հայտնի կարգախոսը` «Ես համաձայն չեմ քեզ հետ, բայց կյանքս կվտանգեմ` որ քո կարծիքը դու կարողանաս արտահայտել», տվյալ դեպքում կարելի ա վերաձեւակերպել սենց` «Ես գուցեեւ առանձնապես չսիրեմ էս կամ էն փոքրամասնությանը, բայց ամեն ինչ կանեմ` որ իրանց իրավունքները պաշտպանված լինեն»: Իսկ արդյո՞ք ճիշտ ա նույնացնել միտք արտահայտելու ազատությունն ու տրանսվեստիտ լինելու ազատությունը` գուցե հարցնեք դուք: Ես դրանք չեմ նույնացնում իհարկե, բայց պատմությունը հստակ ցույց ա տվել` որտեղ չի հարգվում սեռական ազատությունը, չի հարգվում նաեւ մտքի ազատությունը:
Դրա համար էլ ես ուրախ եմ, որ Մաշտոցի այգու շարժումը սեռական փոքրամասնություններին հակադրող նկարը ֆեյսբուքի նշածս պատից հանվեց: Եթե հանկարծ նորից հայտնվի, ես ստիպված պետք ա լինեմ գրել` «Էտ տրանսվեստիտը ես եմ»:
Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած: